Արդեն 8 ամիս է՝ մշակվում է առողջապահության համակարգի ռազմավարությունը, սակայն սայլը տեղից չի շարժվում
ԲԼՈԳ
Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Արցախի Հանրապետությունում արդեն 8 ամիս է, որ մշակվում է առողջապահության համակարգի ռազմավարությունը, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից կարծես չի շարժվում: Առողջապահության համակարգի ռազմավարության մշակումը պահանջում է նպատակների, խնդիրների, գործողությունների ծրագրի, ինչպես նաև այդ նպատակներին ու խնդիրներին հասնելու արդյունավետությունը վերահսկելու համար ցուցիչների հստակ սահմանում: Առողջապահության ռազմավարության մշակման գործընթացում պետք է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ, որից հետո նոր անցնել ռազմավարության մշակմանը:
Մասնավորապես՝
Բնակչության առողջության հիմնական ցուցանիշների, առողջապահական համակարգի արդյունքների, իրավիճակի և կատարողականի վերլուծություն.
Առողջապահության համակարգի առանցքային խնդիրների ձևակերպում.
Առողջապահության նպատակների և առաջնահերթությունների սահմանում.
Խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների ձևավորում, ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, ժամկետների և մշտադիտարկման ցուցանիշների որոշում։




















































