Մահացել է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արմեն Գյուլբուդաղյանը
ՄՇԱԿՈՒՅԹՓետրվարի 11-ին վախճանվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արմեն Լիպարիտի Գյուլբուդաղյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
Արմեն Գյուլբուդաղյանը ծնվել է 1948 թ․-ի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1971 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ Նույն թվականից էլ աշխատանքի է անցել ԲԱ-ում։ 1979 թ․-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000 թ․-ին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Ա․ Գյուլբուդաղյանը հանդիսացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), ԲԱ գիտական խորհրդի և ԲԱ մասնագիտական խորհրդի անդամ։
Նրա հետազոտության հիմնական թեմաներն էին երիտասարդ աստղային օբյեկտները, մութ միգամածությունները, գլոբուլները։ Ա․ Գյուլբուդաղյանն ավելի քան 90 հոդվածի հեղինակ է գրախոսվող ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում։
Արմեն Գյուլբուդաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 13-ին ժամը 18:00-20։00 Էրեբունի վարչ. շրջանի Մեմորիալ սգո սրահում: Ցավակցում ենք բոլոր հարազատներին մեծ կորստի համար։




















































