«Մեր պայքարը չի ավարտվել». Ահմադ Մասուդն Աֆղանստանի ամբողջ ժողովրդին կոչ է արել հետևել Փանջշերի օրինակին և դիմադրել թալիբներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Փանջշեր նահանգի դիմադրության և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև պայքարն ավարտված չէ: Այս մասին ասվում է հակաթալիբանական ուժերի հրամանատար Ահմադ Մասուդի՝ Հյուսիսային դաշինքի առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդու ձայնային հաղորդագրության մեջ, գրում է rosbalt.ru-ն:
Մասուդ կրտսերը, այսպիսով, հերքել է Փանջշերի անկման մասին թալիբների այսօրվա բարձրագոչ հայտարարությունը: Նրա խոսքով՝ տեղի է ունենում «ազգային ընդվզում»՝ հանուն Աֆղանստանի ազատության, կրոնի և անկախության:
«Մեր պայքարը չի ավարտվել: Թալիբների դեմ մարտերը շարունակվում են», - ընդգծել է Ազգային դիմադրության ճակատի ղեկավարը ՝ կոչ անելով «երկրի բոլոր մասերում բոլոր աֆղաններին՝ դիմակայել ճնշողներին»:
Նա նաև աշխարհի երկրներից պահանջել է «դատապարտել թալիբների և օտարերկրյա, մասնավորապես պակիստանցի վարձկանների գործողությունները, որոնք կռվում են արգելված շարժման շարքերում»:



