Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ջրհեղեղի վտանգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել ուժեղ տեղումների պատճառով, որոնք պայմանավորված են «Իդա» փոթորկի ահագնացմամբ և կարող են վերաճել ջրհեղեղների: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարություն է հրապարակվել նահանգապետի թվիթերյան էջում:
«Արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում՝ օգնելու համար Նյու Յորքի բնակիչներին, որոնք տուժել են այսօրվա փոթորիկի պատճառով»,- հայտարարել է Հոքուլը: Վերջինս դիմել է բնակիչներին՝ կոչ անելով «չնստել ղեկին և տնից դուրս չգալ առանց անհրաժեշտության»:
Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշում էին կայացրել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն և հարևան Նյու Ջերսի նահանգի ղեկավար Ֆիլ Մերֆին:
«Իդա» փոթորիկը, որը վտանգավորության 4-րդ աստիճան է ստացել, Լուիզիանա նահանգին էր հասել օգոստոսի 29-ին: Տարերային աղետի զոհ են դարձել առնվազն 6 մարդ: Ավելի քան մեկ միլիոն տնտեսություն հոսանքազրկվել է: Նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ Լուիզիանան հայտարարել էր աղետի գոտի:



