Բաղրամյան պողոտայում միջադեպը եղել է երկու անձանց միջեւ եւ հարթվել է. Օսիպյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայում միջադեպը եղել է երկու անձանց միջեւ եւ հարթվել է։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրուցյում նշել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Վերջինիս խոսքով, որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել։
Խոսելով ոստիկանության հնարավոր գործողությունների մասին՝ Օսիպյանը հորդորել է սպասել, նշելով, որ այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում հանգիստ է։ Նույնիսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է գնացել Բաղրամյան պողոտայից։
Նշենք, որ պողոտայում հրմշտոց էր եղել, եւ, ըստ ցուցարարների, դա սադրանք էր եղել նստացույցի մասնակիցների դեմ։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:



