Առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներում կարող են վերանայումներ կատարվել. Արման Մելիքյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչպես հայտնի է, վաղը Շվեյցարիայում կայանալու է Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին: Անդրադառնալով հանդիպան հետ կապված սպասելիքներին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Past.am- ի հետ զրույցում նշեց. «Այդ հանդիպումն անցնելու է ճակատային գծում իրավիճակի կտրուկ թեժացման պայմաններում:
Չի բացառվում, որ այս պահին հանդիպման միակ նկատելի արդյունքն այն կլինի, որ իրավիճակը ժամանակավորապես կմեղմվի:
Դրանով հանդերձ, կան որոշ նախանշաններ, որոնք հուշում են, որ առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում համանախագահների մոտեցումներում կարող են վերանայումներ կատարվել կամ նորույթներ ի հայտ գան:
Այն տպավորությունն ունեմ, որ բանակցային օրակարգ կարող է մտնել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը, ինչը բանակցությունների ընթացքը սկզբունքորեն փոխելու հնարավորություն կընձեռի»:
Լևոն Փանոսյան




















































