Հայաստանում այս տարի նվազել են մայրական մահացության դեպքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2015թ-ին՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ, գրանցվել է մայրական մահացության 5 դեպք: Մայրական մահացությունների թիվը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«2013-2014 թ. մայրական մահացությունների դեպքերը հասել են 8-ի, իսկ այս տարի գրանցվել է 5 նման դեպք: Սակայն մեզ չեն գոհացնում այդ թվերը, չենք փորձում հպարտությամբ ասել,որ ընդամենը հինգ, մեզ համար դրանցից յուրաքանչյուրը դժբախտություն է: Մենք պայքարելու ենք յուրաքանչյոււրի համար և համոզված ենք, որ տարեցտարի բարելավելով այդ աշխատանքները, կհասնենք արդյունքի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մուրադյանը՝ հավելեով, որ ՀՀ ԱՆ-ն ծննդօգնության դեպքերն ամենօրյա հսկողության տակ է պահում:
Նախարարի խոսքով՝ չկա որևէ երկիր, որ կարողանա խուսափել մայրական մահացությունների դեպքերից: Մայրական մահացություներից խուսափելու ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է պահվեն ոչ միայն առողջապահական մարմինների, այլև լայն հասարակայնության հսկողության ներքո:



