«Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել, դեռ ավելի է վատացել». Արցախի հոգևոր առաջնորդը՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման մասին
ՄՇԱԿՈՒՅԹՄարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը:
«Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,-ասել է Արցախի հոգևոր առաջնորդը:
Մայր աթոռ սբ. Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը:
Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով- բանակ-եկեղեցի փոխգործակցությունը:
Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:




















































