Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Թղթախաղի ողբերգական հետեւանքները. սարսափելի մանրամասներ զինծառայողի ինքնասպանության դեպքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ` նոյեմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը: Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ նրա ծառայակից ընկերների միջեւ մի «պզուկի» պատմության հետեւանքով տեղի ունեցած սպանության դեպքը, կարծես թե, դաս չեղավ ինչպես ՊՆ-ի, այնպես էլ զինվորների համար:
2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան էր եղել:
Գեւորգ Խաչատրյանի ինքնասպանության դեպքից «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես թե ինչ մոլեխաղեր են կազմակերպել գործով անցնող կապիտանը, ավագ լեյտենանտն ու երկու շարքայինները, եւ ինչո՞ւ էր շարքային Գեւորգ Խաչատրյանը գնացել ինքնասպանության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը Գեւորգ Խաչատրյանը կապիտան Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանը եւ շարքայիններ Հ. Մուրադյանը եւ Ա. Սարգսյանը թղթախաղ են խաղացել եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պարտվողը պետք է անի այն, ինչ հաղթողները կամենան: Գեւորգը խաղը պարտվել է, եւ վերոնշյալ անձինք նրան ծիծաղելի առաջադրանք են տվել, ինչը նա պայմանի համաձայն կատարել է: Օրինակ՝ չոքեչոք գնա կապիտանի շան մոտ ու նրան կերակրի կամ այլ նմանօրինակ առաջադրանքներ:
Նշենք, որ ի սկզբանե, խաղը սկսելուց առաջ, տղաները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե պարտվողը չանի, ապա նշանակում է, որ դրժում է տղամարդավարի տված իր խոսքը: Եվ, ահա, Գեւորգը պարտվելուց հետո որոշել է տեր կանգնել տղամարդու իր խոսքին ու կատարել է տղաների զվարճալի առաջադրանքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Ու այդ խաղը ճակատագրական դարձավ շարքային Գեւորգի համար: Բանն այն է, որ խաղից հետո ծառայակից տղաները սկսել են ծաղրել, անընդհատ հիշեցնել, թե ինչպես ծնկաչոք կեր տվեց կապիտանի շանը եւ այլն:
Ըստ էության, Գեւորգին դուր չի եկել ծառայակից ընկերների կողմից իրեն ծաղրելու դրսեւորումները, եւ նա զգուշացրել է` դադարեցնել ծաղրանքը: Սակայն նրա խոսքը տեղ չի հասել, եւ նրան ծաղրելու փորձերը շարունակվել են, ինչի արդյունքում Գեւորգ Խաչատրյանը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել»:



