Նախատեսվում է կառուցել Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը․«Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Երևանի Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Նշվում է, որ այս ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից առաջ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ:
Բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ, ներկայացվելու է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը: Երևանի գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը: ԻսակովԱրշակունյաց նախագծային ճանապարհահատվածը Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունն է և կապող օղակ է Իսակով և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից մշակվել են ճանապարհի ծրագիրը և ճանապարհի լայնական կտրվածքի համապատասխան չափսերը:
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքները շարունակելու համար, ուստի կառավարության հաստատմանն է ներկայացվում Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա հատվածում գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու առաջարկությունը: Նշվում է՝ այս ճանապարհահատվածի կառուցման դեպքում Երևանի կենտրոնը կբեռնաթափվի, էապես կկրճատվի երթևեկության տևողությունը և կնվազեն խցանումները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



