Աստված տա` կարողանանք երրորդ մարդուն փրկել. փլատակների տակ 56-ամյա տղամարդ կա. ԱԻ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի փլատակների տակ 56 տարեկան տղամարդ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ փլուզումից 3 քաղաքացի է տուժել, իսկ տարհանված 21 քաղաքացիները չեն վնասվել: Նրանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
Հարցին՝ հնարավո՞ր է` շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարը պատասխանեց. «Սեյսմիկ ծառայությունից ասացին, որ այս պահին նման վտանգ չկա։ Պանելային շենք է, սրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի այսպիսի շենքերը չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում, այդ ընթացքում կարող են փոփոխություններ լինել, այդ պատճառով տարհանել ենք ամբողջ շենքի բնակիչներին»։



