Սեյրան Օհանյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի, ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ մասնակցեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Նախարարը նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի, ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման, հանուն երկրի զարգացման: «Քվեարկել եմ հանուն բոլոր կարող ուժերի խելացի գաղափարների համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու»,- ասաց նախարար Օհանյանը:
Նախարարը նկատում է, որ անվտանգությունը նաև գործող Սահմանադրությամբ երաշխավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ժողովրդի և պետության համար, ինչպես կառավարման ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգերով: «Այնպես որ կարող ենք հանգիստ լինել. հայկական բանակը կա, իր առջև դրված խնդիրն իրականացնում է և վաղն էլ իրականացնելու է գերազանց»,-նշեց Սեյրան Օհանյանը:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:



