Դիտորդների փոխանցմամբ՝ Նոր Նորքի եւ Ավանի ընտրատեղամասերում խախտումներ չեն եղել. Տիգրան Մուկուչյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Նոր Նորքի եւ Ավանի ընտրատարածքներում ժամը 14:00-ի դրությամբ ընտրախախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն հայտնել են դիտորդները:
«Ես անձամբ շրջում եմ մայրաքաղաքի ընտրատեղամասերում: Արդեն եղել եմ Նոր Նորքի եւ Ավանի ընտրատեղամասերում, զրուցել դիտորդների, վստահված անձանց հետ: Բոլոր ընտրատեղամասերում էլ դիտորդներ կան, որոնց հետ անձամբ խոսել եմ, իրենք ինձ փոխանցել են, որ ընտրախախտումներ չեն հայտնաբերել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



