Ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին 4 երեխաների հայր է. Հակոբ Կարապետյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր քաղաքապետրանի դիմաց ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին բազմազավակ ընտանիքի հայր է, ունի 4 երեխա։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենք չգիտեն, թե քաղաքացին այսօր ինչ խնդրով է գնացել քաղաքապետարան, բայց նրան ճանաչում են քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունում։
«Քաղաքացուն բավական առարկայական օգնություն է տրամադրվել քաղաքապետարանի կողմից։ Շենգավիթում տրամադրվել է բնակտարածք, հողամաս։ Քաղաքացուն օժանդակություն տրվել է, իսկ թե ինչն է այդպիսի ծայրահեղ քայլի պատճառը, կարծում եմ, պետք է իրավապահները պարզեն»,– ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին մոտ, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երևանի քաղաքապետարանի առջև, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել է, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։



