Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղավնի Գրիգորյան. Պատը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊԱ­ՏԸ

Լինում է, չէ՞, որ նստում ես համակարգչի առաջ, կիսատ գործեր ունես, որ պիտի մշակվեն, հղկվեն, ու մեկ էլ քեզնից անկախ սկսում ես հավաքել բոլորովին այլ տեքստ, որ գալիս է սկզբում մեկ, երկու նախադասության տեսքով, հետո կապվում է, շաղկապվում:

 Իրար ետևից արագ-արագ ավելացող տողերի արանքից հստակ ուրվագծվում են հերոսներդ՝ իրենց հույզերով, առօրյայով, գալիս, լցվում են ներսդ, խառնում, փոթորկում քեզ իրենց պատմությամբ: 

Արդեն վաղվանից պիտի մտածես, տանջվես, կարոտես և ուրախանաս իրենց հետ: Երեկ դեռ գոյություն չունեցող, այսօր իրականություն մտնող և կամաց-կամաց միս ու մարմին ստացող կերպարներդ հարազատանում են, թվում է, թե արդեն տարիներ է, որ ճանաչում ես, անգամ եղել ես նրանց տանն ու մասնակիցն իրենց ընտանեկան հավաքույթների:

***

Կեսգիշերն անց է: Երեխաները քնել են վաղուց. առավոտյան շուտ պիտի դպրոց գնան: Հայաստանից լուրերն է լսում. ընտրատարածքներում ավարտում են ձայների հաշվարկը՝ «Էլի բան չի փոխվելու»: 

Ամեն անգամ Հայաստանից նորություն լսելիս սիրտը կտոր-կտոր է լինում, ու ներսը մի բան ճզմվում, ցավեցնում է` լացելու աստիճան: 

Հետո մտածում է՝ ինքն իրավունք էլ չունի բողոքելու կամ զգոնություն պահանջելու ընտրողներից, որ հերթական անգամ ընտրակաշառք վերցրին կամ չվերցրին… ու էլի ոչինչ չփոխվեց: 

Ինքն արդեն տասնվեց տարի է՝ Հայաստանից դուրս է ու բոլոր այդ տարիներին ամեն օր հույսով սպասում է, որ կկողպի էս բնակարանի դուռն ու ընտանիքի հետ կվերադառնա տուն:Մենակ նստած է, քունը չի տանում:

Չի էլ հիշում ոնց ամուսնացան: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց: Ազգականներից մեկի ընկերոջ տղան էր ապագա ամուսինը: Եկան մի օր իրենց տուն, ծանոթացան, մի քանի անգամ հանդիպեցին, իրար հավանեցին: Չհասցրեց անգամ սիրահարվել. 

Դեռ կսիրեմ` մտածեց: Ու սկսեցին արագ թղթաբանությամբ զբաղվել: Իտալիայում էր բնակվում տղայի ընտանիքը, եկել էին Հայասատանից «աղջիկ տանելու»:

 Ընկերուհիները երբ իմացան, աչքները փայլեցրին, մի քիչ էլ նախանձեցին:

-Բախտավոր մարդ ես, Ռո՛զ, Միլանը, Վենետիկը կտեսնես:

-Մեզ նկարները կուղարկես ու հատիկ-հատիկ կնկարագրես ՝ որտե՞ղ, ե՞րբ ու ո՞նց ես գնացել:

Համարյա քսան տարի է անցել: Նույն ընկերուհիները Միլանում էլ են հասցրել լինել, Վենետիկում էլ: Դե, հա՛, իրենք էլ մի քանի տարի առաջ Հռոմ այցելեցին: 

Դուստրը նորածին էր, և դա ինչ-որ չափով սահմանափակում էր իրենց զբոսանքները, բայց հրաշալի ճամփորդություն էր: 

Հիմա էլ ժամանակը չի հերիքում, և աշխատանքի բնույթը թույլ չի տալիս ճամփորդել: Երեխաներն են գնում այս կամ այն քաղաքը` էքսկուրսիա, ինքն էլ ուրախանում է

Ծնողների հետ առաջին տարիներին խոսել չէր կարողանում` երկու-երեք բառից հետո արցունքները խեղդում էին, լավ էր՝ այն ժամանակ դեռ սկայպ չկար, չէին տեսնում: Հիմա արդեն չի ստացվում. հենց տեսազրույցը չի միացնում, հայրն ասում է. 

-Ռոզ, կարողա՞ բանա եղել, չես միացնում կամերադ:

Ստիպված միացնում է, փորձում ուրախ երևալ: 

Անջատելուց հինգ րոպե անց որդու հեռախոսին զանգ է գալիս, ու պապին հեռվից խոսակցությունը բերում, հասցնում է նրան, թե «մամային հո չեք նեղացրել, «մի տեսակ» էր ձայնը»:

***

Նորովի կրկնվող պատմությունը. քաղաքական դիմակներ, խայտառակ խախտումներ, որոնցից մի քանիսն ասես աչք մտցնելու համար եթեր են հեռարձակում հերթով բոլոր հեռուստաընկերությունները, մեկը մյուսից անհեթեթ մեկնաբանությունները և ասես հատուկ ընտրված՝ անճարակ, հուսահատ մարդիկ, որոնց դեմքին տեսախցիկն ուղղելուց առաջ՝ խակ, իրեն լրագրող անվանող երիտասարդը դեռ չի էլ մտածել, ի՞նչ հարց պիտի տա, ինչո՞ւ:

 Ամուսինը ներս մտավ: Ռոզն արագ փոխեց ալիքը: Ամուսնու նյարդերը տեղից լարված են, չի թողնում Հայաստանին առնչվող որևէ քաղաքական հաղորդում դիտել տանը: 

Հայաստանի հետ կապված ամեն ինչ նրան էլ անասելի ցավ է պատճառում: Հետո հեռախոսով (առանձին արդեն) լսում է նորությունները. երբեմն մինչև խոհանոց հասնում է զսպված հայհոյանքատիպ բացականչություն այս կամ այն քաղաքական թափթփուկի հասցեին:

 -Մա՛մ, պապան եկա՞վ,- բացվող դռան ձայնից արթնացավ հնգամյա աղջիկը:

-Ես կգնամ մոտը, - ամուսինը մտավ աղջկա սենյակ:

-Պապ, կողքիս կմնա՞ս:

Հայր ու աղջիկ սկսեցին կամացուկ զրուցել, հետո շշուկները դադարեցին:

***

Ռոզը անջատեց հեռուստացույցն ու նստեց: Մեկ-մեկ մոռանում է, որ լույսը մարել է, նստում, նայում է պատին` երեխաների նկարին: Ավելի շուտ զգում է այն: 

Կյանքը շուռ եկավ իտալական այս գյուղաքաղաք տեղափոխվելուց հետո: Սկզբում թվում էր` երազում է, շուտով երազը կավարտվի, կհայտնվի իրենց փողոցում: 

Արևից տաքացած ասֆալտը կհալվի, կկպչի կոշիկներին ու կթվա՝ քայլելիս ոտքը խմորի վրա է դնում: 

Կոշկակար Կարոն իր կրպակից դուրս կգա, ծխախոտը կկպցնի, կթքի ասֆալտին ու ամեն անցնող սիրուն աջկա հետևից մեկ-երկու գռեհիկ ռեպլիկ բաց կթողնի:

 Կարոյի կինը, որ ամբողջ օրը պատուհանից «կախված» հետևում է փողոցով գնացող-եկողին` ձեռքերը կչանչի ամունու վրա․

-Հերիք ա ծխես, ա՛յ մարդ, խիղճն էլ ա լավ բան: Առավոտից երկու պաչկա ծխել ես: Էդքան մուխ սկի պառավոզը չէր հանում ցարի ժամանակ:

-Ա՛յ կնիկ, փաստորեն դու էդքան հին ես, որ ցարին հիշո՞ւմ ես, - կատակի կտա Կարոն և կողքը կանգնած հարևան Գևորին՝ արդեն պատրաստ, տակը պադոշ խփած կոշիկը մեկնելով՝ կասի

-Գևո՛ր, էս կոշիկը քեզանից ձեռ ա քաշել, դու իրանից չէ, ոնց որ ես ու Աննմանս: Կնոջը տարբեր անուններով էր դիմում Կարոն. մե՛կ Անթառամ, մե՛կ Համեստ, մե՛կ Անգին: Անունն Ազատուհի էր: Մի անգամ, դեռ նոր ամուսնացած ժամանակ ասաց․

-Ի՜նչ Ազատուհի, ամուսնացած նամուսով կնիկ ես, էլ ոչ մի Ազատուհի: Այդ օրվանից, ըստ Կարոյի տրամադրության, Ազատուհու անունը փոփոխվում էր:

***

Անցյալ տարի վերջապես եղավ Հայաստանում: Երեխաներին թողեց սկեսուրի խնամքին ու ինքը մի շաբաթով գնաց ծնողներին տեսնելու: Հայրը կտրականապես հրաժարվում էր իրենց հյուր գալ, մայրն էլ ստիպված չէր գալիս, որ նրան մենակ չթողնի: Ծերացել էին երկուսն էլ, բայց աշխույժ և առույգ էին փորձում երևալ` իրեն նեղություն չտալու համար:

Կարոն մահացել էր: Կրպակը փակ էր, կեղտոտ լուսամուտներով, անձրևից ժանգոտած, գույնը թափած: Ազատուհին էլ, անկողնային պառկած, թոռներն էին խնամում:

-Ռոզիկ ջան, ո՞նց ես, ա՛յ բալա, էսքան հեռո՞ւ ա էդ անտեր Եվրոպան, որ քսան տարի չեկար, Կարոն ամեն անգամ հիշում էր, ասում էր` խաբին-տարան էն երեխուն:

Ռոզը նստեց անկողնու մոտ դրված աթոռին.

-Լավ եմ, Ազատուհի տատի, դու լավ լինես:

- Տատի, քեզ նվեր ա բերել Ռոզիկ ծյոծյան:

Վա՜յ, աման, խայտառակ եղանք, 

- ասաց Ազատուհին, 

- ի՜նչ նեղություն, ա՛յ բալա: 

Իբր դուք շատ մի հասցնում եք, ինձ էլ նվեր ես բերել, մորդ սրա տեղը մի բան ավել կբերեիր:

Թոռը բացեց գործած շալն ու Ազատուհու աչքերը լցվեցին.

- Ապրես, բալես: Է՜հ, ասա մինչը ձմեռ կձգե՞մ, որ դու էլ շալ ես բերում ինձ:

-Տատի, մոռացա՞ր, որ գարնանը պիտի ավարտական երեկոյիս գաս:

-Հա, բա ո՜նց, - Ազատուհու աչքերը պայծառացան, 

- գիտես, չէ՞, Ամերիկյան համալսարան ա ընդունվելու:

- Էլիզ, բալես, ո՞նց էր էդ անունը, որ պիտի դառնաս «չգիտեմ ինչ»:

-Մարկետոլոգ, տատի՛, շուկայագետ, - սուրճը բաժակների մեջ լցնելուն զուգահեռ պատասխանեց Էլիզը:

Կարոտել էր հայկական սուրճի համը: Դրսում ինչ անուն ուզում են դնեն` է՛լ ամերիկանո, է՛լ կապուչինո, մեկ է` սրա համն ուրիշ է:

Երկար չնստեց, հրաժեշտ տվեց Ազատուհուն.

Մյուս տարի երեխեքին եմ բերելու տեսնես,- ստեց ու արագ դուրս եկավ հարևանի տնից: Մոտ կես ժամ անիմաստ վերուվար արեց փողոցում, նոր մտավ տուն, որ մինչ այդ աչքերի կարմրությունն անցնի:

***

Առաջին տարիներին երեխայի ծնունդը, խնամքը խլում էր ամբողջ ժամանակը: Ապրում էին, ոնց որ շատերը, ոնց որ բոլորն օտարության մեջ` ատամները սեղմած: Ամուսինն աշխատում էր, ինքը տղային էր մեծացնում: 

Հետո ինքն էլ սկսեց աշխատել, համարյա իրար չէին տեսնում: Մի քանի տարի անց միայն զգաց, չափազանց տարբեր են. կամաց-կամաց հեռացան, փակվեցին ամենքն իր կաղապարում, օտարացան: 

Մի օր էլ մի մեծ պատ բաժանեց երկուսին: Աղջիկը տասը տարի անց ծնվեց, փոխվեց աշխարհը` արևով լցվեց իր աշխարհը, նրա աշխարհը: Պատը չվերացավ, երևի շատ ամուր էին շարել: 

Կանայք տարբեր են, ցավն էլ ամեն մեկը յուրովի է տանում. ոմանք նյարդեր հանգստացնող հաբերի մոլուցքով են սկսում տառապել, տարբեր հակադեպրեսանտներ են փորձարկում, ինտերնետային խմբերին անդամակցում ու այնտեղ գրառումներ անում: Կիսվում են իրենց դեպրեսիայի փուլի նկարագրությամբ` մյուս բախտակիցներին «օգնելու» նպատակով: 

Հետո ստանում բազմաթիվ լացակումած, թաշկինակային պատմություններ, որ կարդալուց մտածում են. իրենք երանելի վիճակում և պայմաններում են ապրում: Շարունակում են զանազան հաբեր ընդունել` այս անգամ խմբակիցներից մեկի պատմության թողած դեպրեսիվ ազդեցությունը մեղմելու համար: Ոմանք լուռ ինքնակերությամբ են զբաղվում. 

«ուրիշ տարբերակ չկա» սկզբունքով կոտրում, փշրում են իրենց ինքնասիրությունն ու դրա արդյունքում ավելի ու ավելի ստորացվում, ի վերջո լրիվ մոռացության մատնվում ու վերածվում իր սեփական տան մեջ անպետք իրի: Մյուսները դանդաղ, բայց հստակ ծրագիր են մշակում. դեմքին հանգիստ դիմակ հագած, զսպում են փոթորիկը, որը մի օր կործանելու է զոհին, հետն էլ ծրագիր մշակողին տանի, բայց դա արդեն կարևոր չի:

Ռոզն իր ձևով վարվեց: Լացեց, լացեց, աչքերն ուռելու աստիճան` ամիսներ: 

Հետո մի օր, կեսգիշերն անց, երբ կրկին մենակ էր` աչքերը սրբեց, վեր կացավ, գնաց գտավ գործիքների դարակից մուրճն ու մի հաստ մեխ ու պատի հենց կենտրոնում կախեց զավակների նկարը: Այդ օրից պատը դադարեց ցավեցնել: Հակառակը` դարձավ տան մեջ իր սիրելի, ուժ տվող մասը: Հենց հոգնում էր կամ տխրում, գալիս, նստում էր բազմոցին, նայում նկարին, ու ամեն ինչ փոխվում էր, լուսավորվում:

Բացեց աղջկա ննջարանի դուռր: Հայր ու դուստր փաթաթված քնել էին: Մոտեցավ, ուղղեց ծածկոցն ու կամացուկ հեռացավ:

2017, Իսպանիա

 

 

Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱյ, տնաշե՜ն, էս ի՞նչ են արել. Փաշինյան Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մաhացել է Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պուշկինում 17-ամյա դեռահասի դիակի հայտնաբերման վայրիցՈւզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Իրականում ինչից է մահացել Չակ Նորիսը«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՔաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբԵրրորդ համաշխարհային պատերազմն սկսված էՊետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 21-ին Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»