Ոստիկանները բացահայտել են «Սեւան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սեւան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։ Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման ու թույլտվության կազմակերպել է ավազի արդյունահանում ու վաճառք, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է 23․580․000 դրամի վնաս, իսկ չվճարված պետական տուրքի մասով՝ 8․000․000 դրամի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության ու բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմնին։



