Կրակոցներ՝ Դիլիջանում. սպանվել է վերջերս կալանավայրից ազատված 32-ամյա տղամարդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազ Մուրադ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։



