Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրավառությունները՝ կրակոցներ, իսկ խաղալիքները՝ փամփուշտ. «սովորական կրակոցի» ամեն օրվա թողած հետքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի զառիվեր ճանապարհներից մեկը տանում է Ռաֆիկենց տուն, որը գյուղի վերջին տունն է՝ ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին ու առաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Բայց Ռաֆիկենց տունը գտնելու հարցուփորձի ճանապարհը նախ տիկին Գայանեի տուն է բերում:

«Ամոթ է՝ հո դռան առաջ չես կանգնելու»,-ասաց նա ու տուն հրավիրեց ինձ: Միանգամից զրույցի բռնվելով՝ տիկին Գայանեն սկսեց խոսել առօրյա հոգսերից, սպասելիքներից, հետո անցավ կրակոցներին ու խաղաղությանը:

Փոքրուց գիտեն՝ կրակոցն ինչ է

«Ես դպրոցում եմ աշխատում, որ սուտ չասեմ՝ արդեն 24 տարի: 40 տարի է՝ Բաղանիսում հարս եմ, բայց Իջևանի աղջիկ եմ»,«Փաստի» հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, որի ընտանիքի հիմնական եկամուտի աղբյուրը հողագործությունն է, իսկ դպրոցից ստացած աշխատավարձը 27 հազար դրամ է:

«Թեպետ ապրուստը դժվար է, իսկ եկամուտը՝ քիչ, բայց վարկ ենք վերցրել, ստիպված մեքենա ենք առել, որ, Աստված չանի, կրակոց լինի, կարողանանք երեխաներին գյուղի ծայրը տանել: Գիտես՝ մեզ մոտ 2 տարեկանից գիտեն՝ կրակոցն ինչ է, գիտեն՝ կրակոցի ժամանակ ինչ պիտի անեն, ուր պիտի գնան…»,-մի քիչ հպարտությամբ, բայց և ափսոսանքով է ասում նա:

«Մարդիկ հիմա ծնունդի, կնունքի հավես ունեն: Վերջին տարիներին էդ հավեսը չկար: Բայց որ հանկարծ ինչ-որ մեկի տանը ծնունդ կամ կնունք է լինում ու վերջում հրավառություն է սկսվում, 4 տարեկան թոռս ասում է՝ վայ, տատ ջան, կրակոցը սկսվեց: Էրեխեքը գիտեն, թե կրակոց է…»

Պատկերացումներն ու իրականությունը

Տիկին Գայանեն ասում է՝ իր համար կրակոցը սովորական է: «Ոնց որ էրեխեքի համար էլ է սովորական: Սովորական կրակոց, երբ մեծ ու փոքր գիտի՝ ինչ պիտի անի: Դե էդ ժամանակ մեկ-մեկ բարեկամ, հարազատների տուն ենք գնում, բայց էլի հետ ենք գալիս՝ հողամաս ունենք:

Բայց գիտես, չէ, գյուղում հարուստներ կային, հիմա գյուղից փախել են: Չէինք պատկերացնի, որ իրենք էդ ամեն ինչը կթողնեին, կգնային… Մենք էնքան ենք մնացել կրակոցների տակ, պատկերացրու՝ տանիքիդ վրա էդ բոմբը տրաքի, ո՞նց կլինի»,ասում է նա ու կրկին համոզում՝ կրակոցը սովորական է, ուղղակի կյանքն է այստեղ այլ: 

Տիկին Գայանեն խաղաղության մասին իր պատկերացումն ունի: Մի կողմից կա խաղաղ ապրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ իրականությունը, որը նրան խանգարում է լավատես լինել: «Թշնամին վնասելու ցանկություն ունի: Կարողա չսպանեն, բայց մտածված վիրավորեն կենդանիներին:

 

Հողամասերի վրա են կրակում, որ բերքը փչացնեն, դպրոցի վրա էլ են կրակում… Ես խաղաղության հնարավորություն չեմ տեսնում, պայմանագիր կարող է կապեն, բայց խելքս չի կտրում…Էսքան թշնամությունից հետո հնարավոր չի, որ խաղաղություն լինի»,-ասում է նա ու միաժամանակ շեշտում՝ գյուղն իրեն պաշտպանված է զգում, որովհետև գյուղից շատերն են պայմանագրային զինծառայողներ:

…Որ ոչ մի մայր արցունք չթափի

Ռաֆիկենց տունը տիկին Գայանեի տնից հեռու չէր՝ դիմացի հատվածում, բայց մի քիչ վերև՝ ավելի մոտ հայ-ադրբեջանական սահմանին ու ամենաառաջինը՝ հակառակորդի նշանառության տակ: Ռաֆիկենց տան դիմաց մի կին էր կանգնած:

Նաիրան էր՝ Ռաֆիկի կինը, որը Բաղանիս Վանաձորից է հարս եկել: Նաիրան երեք երեխաների մայր է։

Հրավիրում է տուն: Առաջինը գրավում են տան պատերը, ուր մեծ տղայի ստեղծագործություններն են, աղջկա ձեռքի աշխատանքներն ու փոքր տղայի սպորտային հաջողությունները փաստող մեդալները: 

Տան առաստաղը ևս դատարկ չէր՝ կրակոցներից առաջացած մեծ փոսեր էին, իսկ տան տանիքն ամբողջությամբ ավերված էր:

 

«Տունը մեծ է, ծախսը՝ շատ»,-ասում է Նաիրան ու հավելում՝ թեև վերանորոգման հնարավորություն չունեն, բայց ոչ ոքից որևէ ակնկալիք չունեն:

Ընտանիքի հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որով էլ պայմանավորված էր տան տղամարդու բացակայությունը:

«Հույսը միայն մեզ վրա ենք դնում: Մենք տունը փոփոխել ենք, քանի որ սենյակից հնարավոր չէր կրակոցի ժամանակ դուրս գալ: Դռներից մեկի տեղը պատ ենք շարել՝ մյուս կողմից ենք դուռ բացել: Այստեղ հաճախ են կրակոցներ լինում: Այդ ժամանակ գնում ենք ներքև՝ թաքստոց, կամ հարևանի տուն: Մեր տունը սահմանից հազիվ 1 կմ հեռավորության վրա է»,-պատմում է նա, բացում պատուհանն ու ցույց տալիս անզեն աչքով տեսանելի դիրքերը:

 

«Որտեղ ուզես՝ կարող ես պայման ստեղծել, անգամ կրակի տակ: Տեղափոխվելու մասին առհասարակ չենք մտածում: Մի օր կրակոցները շատ էին, գնացել էինք Վանաձոր, բայց էրեխեքը մեզ հետ են բերել: Ասացին՝ եկեք գնանք: Ասում էին՝ եթե մենք մեր տանը չլինենք, մեր զինվորն ո՞ւմ համար պետք է պոստեր պահի: Ասում էին՝ ո՞ւմ համար են պահում:

Առաջինը մեր զինվորներն են մեզ պահում, հետո մենք՝ իրենց, իրենք գիտեն, որ մենք կանք այստեղ»,-նշեց նա՝ շեշտելով, որ ոչ մի անգամ չի փոշմանել, որ հենց Բաղանիս է հարս եկել:

«Միայն ուզում եմ, որ իմ ու մեր գյուղի բոլոր երեխաները հանգիստ քնեն: Ուզում եմ՝ իմ երեխան հանգիստ գնա դպրոց ու հետ գա, ու ոչ թե մի բան տրաքի՝ վազենք տեսնելու, թե ում երեխային ինչ եղավ։

Ուզում եմ խաղաղություն լինի՝ ոչ մի մայր արցունք չթափի: Երկու երազանք ունեմ: Ամենամեծ երազանքս այն է, որ կրակոց չլինի: Ուզում եմ խաղաղ լինի ու գլխիս ջուր չկաթա՝ ուրիշ ոչինչ չեմ ուզում»,-ասում է Նաիրան:

Տղե՛րք, ուժեղ եղեք

Զրույցին է խառնվում փոքր տղան՝ 14 -ամյա Դավիթը՝ ձեռքին ինչ-որ իրեր: Հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ տանն ապրող երեխան ոչ թե խաղալիքների, այլ փամփուշտների հավաքածու ունի, որոնք տարիների ընթացքում իրենց տանից է հավաքել: Նրա համար խաղալիքն իրական փամփուշտն է եղել:

Հիմա Դավիթի երազանքը սպա դառնալն է:

«Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, ուզում եմ, որ երազանքս կատարվի: Ամեն ինչ կանեմ, որ կատարվի»,-ասում է նա ու խոսում վախի ու քաջության մասին:

«Մենք չպետք է վախենանք իրենցից, թող իրենք մեզանից վախենան: Եթե մենք վախենանք, էլ խի ենք այստեղ մնում: Եթե մենք վախենանք, մեր զինվորն էլ կվախենա, բայց տենց ո՞ւր կհասնենք:

Ավելի լավ է քաջ մնանք: Ինձ միշտ քաջալերում են: Մեր մարզիչն էլ է ոգևորում, ասում է՝ տղե՛րք, ուժեղ եղեք, որ մի օր էլ դուք եք զինվոր դառնալու»,-նշում է Դավիթն ու թվարկում սիրելի առարկաները՝ ֆիզկուլտուրա, աշխարհագրություն ու ռազմագիտություն:

 

«Չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան»

Զրույցին խառնվում է մայրը՝ կես կատակ նախատում որդուն մյուս առարկաներից ստացած վատ գնահատականների համար:

Վախի ու քաջության պատկերացումը Նաիրայի դեպքում այլ է:

«Բաղանիսի էրեխեն կրակոցի ձայնը լսելուց չի վազելու, իրեն չի կորցնելու, կանգնելու է: Երբ այդ պահին իմ երեխաների կողքին չեմ, գիտակցում եմ, որ մի ապահով պատի հետևում կանգնել են: Բայց, միևնույն է, մայր ես: Մեկ է՝ վազելու ես, մեկ է՝ գնալու ես…»

Նաիրան խոստովանում է՝ իր համար կրակոցը սովորական չէ: «Մի օր Վանաձորում ասացին՝ դե, ձեզ համար սովորական կլինի: Այդպես չէ, ամեն օրն իր հետքն ունի… Երբ Դավիթը փոքր էր, այդ ձայնից դողում էր:

Հետո մեծացավ: Ասում էինք՝ էլի՞ ես ուզում սպա դառնալ, ասում էր՝ հա, մա՛մ, անպայման: Մեծ տղայիս՝ Գեորգիի ոտքը կոտրվել էր, որոշ ժամանակ հետո բժիշկն ասաց՝ ի վիճակի չես ծառայելու: Էրեխեն լաց եղավ, բժիշկն ասաց՝ ուրիշը լաց է լինում, որ գնալու է, դու՝ որ չես գնալու:

Մի օր երկու եղբայրներով նստած էին: Գծագրում էին, թե ոնց են տունն ավելացնելու:

Տան գլխին նորից տուն են ուզում սարքել: Կյանքում չեմ թողնի, որ իմ էրեխու երազանքը գետնով տան: Էդ օրվանից սկսեցի ինձ տրամադրել, որ մի օր մեր աշխարհը խաղաղ կլինի, իսկ իմ էրեխեն հանգիստ կծառայի…»

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան