Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով. Նիկոլ Փաշինյանը՝ Նգույեն Սուան Ֆուքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

 

Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետեւ հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո պահակախմբի քայլերթը:

 

 

Վիետնամի վարչապետն անձամբ իր եւ երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաեւ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռեւս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում եւ իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ եւ վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջեւ առկա հեռավորությունն ամենեւին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ եւ կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

 

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երեւանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաեւ գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի եւ գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:

 

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ կարեւորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի եւ Վիետնամի տարածաշրջանների, առեւտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է Կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանի եւ Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Վիետնամի կրթության եւ վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը:

 

Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

 

Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը, մասնավորապես, նշել է.

 

«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, հայ եւ վիետնամցի թանկագին լրագրողներ, բարեկամներ,

 

Ուրախ եմ Վիետնամի կառավարության անունից ողջունել պաշտոնական այցով Վիետնամ ժամանած Հայաստանի վարչապետին եւ կառավարական պատվիրակությանը, որով դուք մեզ եք բերել հայ ժողովրդի ջերմ զգացմունքները: Վիետնամի կառավարությունը եւ ժողովուրդը եղբայրական Հայաստանին մշտապես վերաբերվում է սիրով եւ հարգանքով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը պարոն վարչապետի ղեկավարությամբ հաղթահարել է վերջին դժվարությունները ու մարտահրավերները եւ այժմ գտնվում է զարգացման ուղու վրա: Դուք կոնկրետ քայլեր եք ձեռնարկում նաեւ քաղաքական կյանքի, տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի եւ դիրքի հաստատման ուղղությամբ:

 

Վիետնամի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը: Հենց նոր իմ եւ պարոն վարչապետի միջեւ տեղի ունեցան բանակցություններ, որոնց ընթացքում մենք քննարկեցինք կոնկրետ ուղղություններ եւ քայլեր` նպաստելու երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Անցկացրել ենք հաջող բանակցություններ եւ անկեղծ եւ բաց մտքեր ենք փոխանակել բազմաթիվ հարցերի շուրջ: Պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը կառավարությունների, խորհրդարանների, ինչպես նաեւ բիզնես շրջանակների մակարդակով ու ժողովուրդների շփումների միջոցով:

 

Մենք պայմանավորվել ենք բարելավել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցությունը, նպաստել Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը` դիտարկելով այն որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամուր հիմք: Ինչպես նաեւ պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը եւ անվտանգությունը` պաշտպանությունը:

 

Մենք խորապես քննարկել ենք Վիետնամի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի իրականացման քայլերը եւ ես համարում եմ այն մեր երկրների համագործակցության կարեւորագույն հարցերից մեկը: Զբոսարջության, պաշտպանության ոլորտներում եւս ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ:

 

Մենք պայմանավորվել ենք փոխադարձ գործել եւ աջակցել միջազգային ձեւաչափերում եւ քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, այդ թվում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնախնդիրները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու հարցը:

 

Վիետնամի կառավարությունը բարձր է գնահատում եւ վստահ է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը հանդիսանում է որակապես նոր քայլ Վիետնամի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին եւ Հայաստանի կառավարական պատվիրակությանը` պաշտոնական այցով Վիետնամ այցելելու համար»:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

 

Հարգելի պարոն վարչապետ,

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին ջերմ հյուրընկալության եւ հայկական պատվիրակությանն ընդունելու համար:

 

Ցանկանում եմ հաստատել, որ մենք անցկացրեցինք կառուցողական եւ շատ հագեցած բանակցություններ, որոնք անցել են փոխվստահության մթնոլորտում: Կարծիքներ փոխանակեցինք երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկեցինք քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:

 

Իմ այցը մեր երկրների միջեւ նոր՝ ավելի դինամիկ եւ ինտենսիվ հարաբերությունների ստեղծման սկիզբն է:

 

Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերը բավարարված լինել մեր բանակցությունների արդյունքներից: Դրանք հաստատեցին մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ձգտումը, նախանշեցին փոխգործակցության ուղիները:

 

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի եւ ավանդական բարեկամության հիման վրա մենք համատեղ ջանքերով կկարողանանք բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել եւ խորացնել առեւտրատնտեսական հարաբերությունները, իրականացնել համատեղ ծրագրեր:

 

Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական համագործակցությունը: Այս առումով, Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարեւոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

 

Ցանկանում եմ նշել, որ մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները:

 

Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների շուկաներ:

 

Վերոնշյալին պետք է նաեւ ավելացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական եւ, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաեւ բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու եւ նրանց գործունեությունը խթանելու համար:

 

Բանակցությունների ընթացքում երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման համար: Հայաստանը եւ Վիետնամը ունեն համագործակցության ներուժ կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ նորարարության ոլորտներում։

 

Այս առումով մենք կարեւորեցինք տնտեսական, առեւտրային եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Սա համագործակցության կարեւոր գործիք է, որը մենք պետք է լիովին օգտագործենք: Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ` բիզնես ֆորում, որին կմասնակցեն ոչ միայն պաշտոնական դեմքեր, այլ նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որպեսզի դիտարկեն հնարավոր ներդրումների հնարավորությունները Հայաստանի եւ Վիետնամի տնտեսություններում: Այս այցի արդյունքում մենք քննարկումներ կսկսենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման շուրջ, քննարկում ենք կոնկրետ հուշագրի ստորագրման հնարավորությունը զբոսաշրջության ոլորտում: Կարեւոր է նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ միմյանց վկայագրերի փոխադարձ ընդունումը:

 

Մենք նաեւ հաստատեցինք ԵԱՏՄ-Վիետնամ ձեւաչափով համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը լիովին ծառայի մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերը: Մենք անդրադարձանք միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը՝ հաստատելով երկու երկրների պատրաստակամությունը հարգելու միմյանց շահերը։

 

Վերջում կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին, վիետնամական կողմի մեր բոլոր գործընկերներին եւ բարեկամներին հյուրընկալության ու արդյունավետ բանակցությունների համար»:

 

ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

 

Բեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում