Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՆԱԶԻԿ ԿՈՐՅՈՒՆԻ

ԳԻ­ԼԱ­ՍԸ ՀԱ­ՍԵԼ Է

–Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,ձա՛գ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս:

Զավակներին իրար գլխի հավաքելու համար մի օր գիլասն էր պատրվակ, մի օր հարիսան, մի օր էլ հանկարծակի «բարձրացած» ճնշումը... Մեզ իր տան շեմին տեսնում էր թե չէ, ճնշումը կարգավորվում էր, առույգանում, աչքերը զվարթանում էին, ու սկսվում էր եռուզեռը:

-Դե, վա՛զ տուր, էս դույլով մեկ գիլաս քաղիր, բե՛ր, լվանամ, կերե՛ք,- ասում էր ինձ՝ իր ծոցի պես տաք գորովանքով ճտացնելով բաց բդիկներիս...

Ու ես, դույլն առած, վարպետորեն մագլցում էի ծառն ու ճյուղից ճյուղ թռչում, իսկ տատս անհանգիստ աջ ու ձախ էր քայլում ծառի տակ

-Կամա՜ց, զգու՜յշ... ընկա՜ր, վա՜յ... հանգի՛ստ՝ չընկնես, տունս քանդես... Ինձ քաղածդ պետք չի, ցած եկ...

Ու ես զրնգուն ծիծաղում էի ու շարունակում նույն տեմպով գիլաս հավաքել:

Երբ նախօրոք իմանում էր, որ գնալու ենք, վերմակներն ու ներքնակներն արևին փռած էր լինում, դուռն ու լուսամուտները՝ բաց, գազօջախին էլ՝ ռեհան բուրող ջրալի ճաշ... Իսկ աչքերում՝ ճերմակ սպասում, իր մազերի նման ճեփ-ճերմակ սպասում...

Դարպասից ներս էինք մտնում, ու հայրս, պատշգամբի վերմակները տեսնելով, միանգամից գլխի էր ընկնում.

-Պահո՜, տատի «պատանդն» ենք էսօր... Ու մենք դեռ դռանը չհասած՝ տատս մանր քայլերով գալիս էր ընդառաջ.

-Մնու՞մ եք, չէ՞, գա՛ռս

Տո՛, բա ի՞նչ ենք անում, ա՛յ մեր,- ասում էր հորեղբայրս, ու տատիս բակը զնգզնգում էր մեր աղմուկից...

Տոն էր տատի տուն գնալու օրը...

Հետո երեխեքով բարձերն ու ծածկոցներն առնում էինք, վազում ծառերի տակ, հարմար տեղավորվում ու մեզնից մեկին ուղարկում էինք տատի վարունգի ածուները կողոպտելու: Էդ անգամ ես վախվորած մտա նոր ջրված մարգերի մեջ... ու փեշս լցրի մանր վարունգները՝ ծաղիկը դեռ քթին ու ցեխոտ... ու ավարս տատիս աչքից պահելով` վազ տվի երեխեքի մոտ: Մեկ էլ լսեմ տատիս ձայնը պատշգամբից.

-Լվացե՛ք, նոր կերեք, ա՛յ բալա...

Տատի տանը մեզ ամեն ինչ կարելի էր՝ ման գալ վարտիքով, ոտաբոբիկ, մազերն արձակած, փնթի-մնթի...

Հարսները եփեցին գիլասի մուրաբան, որ էլի մենք պիտի ուտեինք, զավակները հավաբնի դուռը նորոգեցին, մաքրեցին բակն ու ծաղկանոցը... Մեզ մնում էր երես առածի պես ճյուղից ճյուղ թռչել, վազ տալ հայաթով մեկ ու անլվա ուտել տատիս բանջարանոցի համեմն ու սամիթը... Իսկ տատս... Իսկ տատս գոհ ու ժպտուն հայացքով ռեհան բուրող ճաշը լցնում էր ափսեներն ու կանչում հացի...

–Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,ձա՛գ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս:

Արդեն մի քանի տարի է՝ տատիցս զանգ չենք ստանում... Առանց տատի զանգի գնում ենք, մենք մեր ձեռքով բացում ենք տատի տան դարպասը, ու բակից ռեհան բուրող ճաշի հոտը խուտուտ չի տալիս... Գնում ենք, քաղում ենք գիլասը, որ ծտերը չուտեն, բայց ծառի տակ անհանգիստ աջ ու ձախ քայլող տատս էլ չկա, որ վախենա, թե կընկնենք ու կքանդենք իր տունը...

 

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ՄԵՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ

Տե՛ր իմ Աստված, ինչո՞ւ է ինձ միշտ թվացել,

Թե երկնքում ես իմ հոգին եմ մոռացել:

Երբ քո կամքով իջել եմ այս երկրի հողին,

Որ սպանեմ մի օր Որդուդ չարչարողին:

Թվում է ինձ, երբ նայում եմ մութ երկնքին,

Աչքերը կախ՝ դեռ շրջում է իմ խենթ հոգին:

Շրջում է լուռ` խորքում պահած հազար վերքեր

Ու մի կարոտ, որ աշխարհում դեռ չեն երգել:

Այդ նա՛ է, նա՛, հույսը սրտիս դրած լսում,

Թե իր մասին այս աշխարհում ինչ են խոսում:

Ամեն անգամ, երբ հեռավոր ցավ եմ հիշում,

Թվում է, թե... ինձ երկնքից երգ են հուշում:

Ամեն գիշեր կախվում է նա հեռո՜ւ ամպից,

Իսկ ես այստեղ վեր եմ թռչում նույն սարսափից:

Խիղճս ճերմակ ու ոգեղեն թղթի առաջ` Իմ աչքերն են մութ երկնքին

նայում սառած:

Հոգիս մութի շշուկներից բառեր առնում,

Տալիս է ինձ ու երկինք է վերադառնում:

Հեռանում է նույն կարոտի անզուսպ լացով,

Որ լցրել է երակներս աղ ու հացով:

Ու ես գիտեմ` նույն կարոտն է թղթիս գծվում,

Բայց երգերս մութ երկնքում են ստեղծվում

Ստեղծվում են, երբ գիշերը ողջ աշխարհում

Մարդկանց հոգում խավարին է ապաշխարում:

Ու ամեն օր, երբ խավարն է իջնում հողին,

Հեռուներից ձայն է խառնվում սրտիս դողին:

Այդ հոգիս է, որ երկնքի տարերքն անշեջ

Տալիս է ինձ ու ցնցում է գիշերվա մեջ:

Ցնցում է ինձ, որ ինչքան էլ ձայնս լռի,

Ձեռքս մթնում երգով վառվող լույսեր փռի:

Որ ինչքան էլ սիրո լույսում մեղքեր գործեմ,

Խավարի մեջ նույն մեղքերից լույս ստեղծեմ:

Գուցե այս է իմ տարերքի գաղտնիքն հավետ,

Որ ես բախտի խաժամուժում դարձա պոետ:

Գուցե նա է կյանքում իբրև պոետ մեռնում,

Ում մատներից մեղքը մթնում երգ է դառնում:

Կամ գուցե ես մեղքերի մեջ շատ դառնացա,

Որ մեղքերից երգ ստեղծել կարողացա:

Կարողացա վայելքներում սիրաբանել,

Բայց խավարում երկնայինը փառաբանել:

Գուցե սա է, որ երկնքից իմ խենթ հոգին

Ուժ է տալիս դեռ աշխարհիկ իմ տարերքին:

Ուժ է տալիս, որ ինչքան էլ մեղքեր գործեմ,

Խավարի մեջ` խավարի դեմ

լույս ստեղծեմ:

Որ միշտ հիշեն, ովքեր պոետ են քարկոծում,

Որ պոետը սիրո ցավում մեղք չի գործում:

Ու ինչքան էլ կատարում է կամքը չարի,

Միևնույն է, չարն ատում է խենթ հանճարին:

Քանզի միշտ էլ չարիքին է երբ հարվածում,

Մեծ Պոետը երկնքից է երգ ստեղծում...

ՔԱՐԵ ՎԱՐԴ

Երբ նորից խաղաղվեն արշալույսներն այստեղ,

Երբ դեղին քամիները քարանան ու մարեն,

Թիթեռների վայրի գեղեցկությամբ անտեր

Երկնքում փոշոտված ծիածաններ պարեն,

Երբ կաթեն ամպերից հոշոտված նարինջներ

Ու ծածկեն մոտեցող ամեն մի ծառուղի,

Օ՜, գիտե՜մ, այրելով թղթեր ու կամուրջներ`

Դու կիջնես շիրիմիս, իմ քարե թագուհի:

Երբ հեռվում սյունազարդ սրահներում քարե

Եբենոսյան արկղում գտնեն իմ անունը,

Երբ զնգան գավաթներ ու ձայներ հանճարեղ,

Եվ պյուռոսյան երթում չորացած արյունս

Ավետի հիշատակս հերոսատառ գրով,

Երբ հանձնեն սգաշուք ձեռքերիդ իմ սուրը

Ու հարց տան` եղե՞լ է պոետն այս բարբարոս,

Երբ հատել է մտքի պատյանն ու բարուրը:

Երբ մի օր հեռանան ոսկեօր դարերը

Թռչունների սառած ու թևաշար երթով,

Լեգենդներից կաճեն քարե ալ վարդերը

Ու երբ ծածկեն հողն իմ անուշահոտ շերտով

Երբ չես լինի այնժամ, երբ չի լինի ո’չ ոք,

Երբ կշարվեն աստղերն

աշխարհաշուրջ շողին,

Քարե ափսոսանքից` լուսե ու անողոք,

Կայրվես շիրմիս կանգնած,

քարե իմ թագուհի:

Երբ նորից խաղաղվեն օրերն ու ջրերը,

Երբ կապույտ աշխարհում

պտտվի իմ ուղին,

Դու կզգաս, որ քոնն են այս

ձեռքերն ու սերը,

Եվ դու ես իմ հողի շիրմաքար քրմուհին:

Թե այնժամ քեզ թվա աշխարհն այս ատելի,

Երբ քո դեմ իմ ցասման

տեսիլքները պարեն,

Չանիծես, չխղճաս, և դարձած անթերի`

Շշունջներ կխառնես աղոթքներիս քարե:

ԱՐԵՎԻ ԽՈՆԱՎ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ (հատված)

Անցնում եմ ու ետ եմ գալու,

երկի՛ր իմ, քո դուռը սիրով,

Ի՜նչ դառնություն զգաց հոգիս

սառցակալած հեռուներում,

Ինչ կարոտնե՜ր դեռ չծնված մեռան

անձայն ու հեռացան,

Քեզնից ծնված քեզ քանդողին խիղճս

ինչպե՛ս գտնի ներում,

Երբ դառնացել ես, հայրենի՛ք,

ու արտասվում ես դալկաձայն:

Երբ ուրացել է քեզ Որդիդ, երբ

ուրացել ես դու Աստծուն,

Երբ որոնում ես կարեկից, որ նրա ուսին հեկեկաս,

Այդ ո՞ւր չքացան զավակներդ,

ո՞ւմ դեմ են մարմինդ բացում,

Իմ ծե՜ր, կողոպտվա՜ծ հայրենիք,

ձեռքդ տո՛ւր, ինձ հետ պիտի գաս:

***

Ես մեռնում եմ մենա՛կ,

Թող որ հանգիստ լինի

Տառապանք ու գիշեր հորինողը,

Տերն ստեղծեց կյանքը,

Ո՞վ հորինեց մեղքը,

Թալանված ենք, սակայն մենք ենք գողը:

Ես մեռնում եմ մենա՛կ,

Հավատացե՛ք, չկա՛,

Ո՛չ ոք հոգուս խավար հեռաստանին,

Ես կգնամ երկի՛նք,

Ես կգնամ մենա՛կ.

Դո՛ւք դիմացեք ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ…

 

 

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց