Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԳՐԱՄԵՔԵՆԱ

Գրամեքենաս հին էր ու մաշված և վաղուց արդեն հիմնական նորոգման կարիք ուներ, սակայն ես անընդհատ հետաձգում էի այդ կարևոր գործը, քանի որ ֆինանսական նեղ վիճակում էի, իսկ միակ ելքը մեկ տարի առաջ տպված գրքիս հոնորարը, չգիտես ինչու, չէին վճարում, այնպես որ ստացվում էր, որ դա ո՛չ ելք է, ո՛չ մուտք, այլ փակուղու պես մի բան: Ձեռագիրս ահավոր էր, այդ պատճառով էլ, ճարահատյալ ու մեծ դժվարությամբ, շարունակում էի հին ու մաշված գրամեքենաս օգտագործել, սակայն սա հանկարծ ինձ սկսեց մատուցել տհաճ ու տարօրինակ անակնկալներ: Սովորական ու պարզ որևէ բառ մեքենագրելիս, ասենք՝ «իրիկնամուտ», երբ աչքս պատահաբար թղթին էր ընկնում, ձեռքս օդի մեջ քարանում էր: «Տրանսկրիպցիա»` ապշած կարդում էի ես՝ ոչ մի կերպ չկարողանալով հասկանալ, թե այդ անսովոր ու համարյա մոռացված բառը որտեղից հայտնվեց:

- Ցնդածի մեկը, - հարցնում էի գրամեքենայիս, - մտքինդ ի՞նչ է:

Գրամեքենաս, իհարկե, ոչինչ չէր պատասխանում, քանի որ հարց տալուց առաջ մատներս ստեղներից հեռատեսորեն վերցրած էի լինում, վախենալով, թե այդ սրիկան, պատահական որևէ հարված առիթ դարձնելով, անձիս հասցեին կարող է վիրավորանք կամ անվայելուչ խոսք տպագրել: Սակայն վատն այն էր, որ մարդկանց հետ զրուցելիս, ինձանից անկախ ու անսպասելի, ես նույնպես սկսեցի խոսակցության թեմայի ու մտքի հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող անհեթեթ բառ արտասանել: Ասենք, «երեկոյան գնալու եմ թատրոն» սովորական նախադասությունը արտաբերելիս ականջներս հանկարծ սարսռանքով արձանագրում էին «երեկոյան գնալու եմ կոլտնտեսություն» անիմաստ բառակապակցությունը: Կոլտնտեսություն գնալու սովորություն (այն էլ, երբ դրանք դեռ կային, այն էլ երեկոյան) ես ընդհանրապես չունեի ու, տեսնելով զրուցակցիս զարմացական հայացքը, արդարանում էի.

-Հոգնած եմ, - ասում էի:

-Պատահում է, - ներողամտորեն ծիծաղում էր զրուցակիցս:

Իսկ մի օր, աշխատելիս, գրամեքենայիս տառաֆոնդից վայր ընկավ «վերջակետը»: Համոզվելով, որ չի հաջողվում այն իր տեղն ամրացնել, գործս շարունակելիս ես նախադասություններն այնպես էի կառուցում, որպեսզի դրանք շատ երկար լինեն ու բազմակետերով ավարտվելն արդարացվի: Կարճ ժամանակ անց այդ գործում այնքան վարպետացա, որ տեքստում եղած բազմակետերի առատությունն ու վերջակետերի բացակայությունը պարզապես չէր նկատվում: Բայց մի օր, ծանոթներիցս մեկը, ուշադիր ու ցավակցաբար ինձ նայելով, հայտնեց, որ ամենքն այն կարծիքին են, թե վերջերս շատ եմ փոխվել. «Մի տեսակ ցրված ես դարձել, - ասաց ծանոթս, - տեղի-անտեղի անիմաստ ու անհեթեթ բառեր ես օգտագործում, միտքդ շատ խճճված ես արտահայտում, ավարտում բազմիմաստ, մշուշոտ բառերով կամ ընդհանրապես չես ավարտում»: Ես նրան ցանկացա պատմել գրամեքենայիս հետ նույնանալու երևույթի մասին, բայց հետո մտածեցի, որ դրանով գործն ավելի կփչացնեմ, որ նա ինձ չի հասկանա կամ խենթի տեղ կդնի: Նորից հոգնածությունս պատճառ բերելով՝ կտրուկ փոխեցի խոսակցությունը, բայց հասցրի նկատել, որ ծանոթիս հայացքում եղած ցավակցությունն ու կասկածը խորացան: «Ոչինչ, - հուսադրեցի ինքս ինձ, - շուտով հոնորարը կստանամ, գրամեքենաս կնորոգեմ ու ամեն ինչ իր տեղը կընկնի»: Բայց հետո վայր ընկավ «ս» տառը ու ստիպված խուսափում էի «ս» ունեցող բառեր օգտագործելուց (առօրյա կյանքում նույնպես սկսեցի բացարձակապես անտեսել նման բառերի գոյությունը. ինչ խոսք, սա մարդկանց հետ հարաբերվելս նկատելիորեն դժվարացրեց), իսկ Գայանեին ուղղված գրություններում «սիրելիս» սովորական դարձած բառի փոխարեն հայտնվեց «թանկագին»-ը: 

«Թ»-ի վայր ընկնելուց հետո ցանկացա անցնել «իմ միակ» դիմելաձևին, բայց ժամանակին նկատեցի, որ «մ»-ն նույնպես շարժվում է: Պահպանեցի «թանկագին»-ը, այն փոքրիկ տարբերությամբ միայն, որ «թ» չէի մեքենագրում: «Անկագին,- գրում էի, - երեկ երեկոյան...»: Եվ այլն: Մարդիկ ու ես սկսեցինք զգալի դժվարությամբ միմյանց հասկանալ, քանի որ խոսելիս որոշ տառեր «կուլ» էի տալիս` չէի արտասանում, ավելի ճիշտ` չէի կարողանում արտասանել: Բայց գրամեքենայիս տառերի վայր ընկնելը շարունակվում էր ու, դրանից կախված, բառապաշարս այն աստիճան աղքատացավ, որ մարդկանց հետ լինելիս գերադասում էի լռել: Այս փաստը բոլորի կողմից իբրև վիրավորանք ընդունվեց, քանի որ նախկինում ասող-խոսող մեկն էի, նույնիսկ շատախոս:

Ծանոթներս սկսեցին ինձանից խուսափել, իսկ Գայանեն, «Անկագին» դիմելաձևը «ստոր ու նողկալի ծաղր» համարելով, վերջ տվեց մեր ձանձրալիորեն երկար ու ձանձրալիորեն անիմաստ կապին: Ե՛վ ես, և՛ նա վաղուց արդեն զգում էինք դրա կարիքը, բայց անհրաժեշտ վճռականություն չէինք գտնում և, բացի այդ, պակասում էր հարմար առիթը: Գայանեն ի վերջո հարմար առիթը գտավ: Ու անհրաժեշտ վճռականություն հանդես բերեց: Բավական ժամանակ անց սկսեցի հստակորեն գիտակցել, որ մարդկանց կողմից լքված ու շատ միայնակ մեկն եմ դարձել և որ ինձ սկսում են մոռանալ, չնայած կամ, շարունակում եմ լինել: Մխիթարությունս այն էր, որ խոստացել էին հոնորարս ուր որ է վճարել: «Այնպես որ, - հուսադրում էի ինքս ինձ, - փողս կստանամ, գրամեքենաս կվերանորոգեմ, մարդկանց հետ նախկին փոխհարաբերություններս, կապերս կվերականգնեմ ու ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Բայց այդ հեռանկարը ինձ ավելի ու ավելի դժվար իրագործելի էր թվում: Գործը հատկապես դժվարացավ, երբ փչացավ գրամեքենայիս մեծատառեր խփող մեխանիզմը: Հիմա արդեն բոլորը բարձրաձայն, անթաքույց չարությամբ հայտարարում էին, որ անասելի մեծամտացել եմ ու մարդկանց սկսել եմ վերաբերվել արհամարհանքով և անհարգալից: Բացատրելու հնարավորությունից զրկված լինելով` ճարահատյալ լռում էի, և այս լռությունս իբրև լրացուցիչ վիրավորանք էր ընկալվում: Ապրելս անչափ դժվարացավ: Գոնե եղածը պահպանելու համար որոշեցի գրամեքենաս ամեն օր յուղել, և զարմանալին այն էր, որ զգացի, թե ինքս էլ նման մի բանի կարիք ունեմ: Ոչ յուղվելու, իհարկե: Սկսեցի խմել: Սա մարդկանց համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը դարձավ: Ինձանից վերջնականապես երես թեքեցին: Ամենքը: Ես նրանց համար, կարծես թե, չկայի: «Այսինքն՝ «կարծես թե»-ն այստեղ, կարծես թե, միանգամայն ավելորդ է հնչում, - մտածում էի ես, - որովհետև ո՞նց կարող է պատահել, որ բոլորը սխալվեն, իսկ ես ճիշտ լինեմ»: Այնպես որ, հավանաբար չկայի: Չնայած հստակորեն զգում էի, որ կամ: Կարծես թե:

Երբ վերջապես ստացա գրքիս հոնորարը ու գրամեքենաս նորոգման տանելու համար (վարպետի հետ նախապես պայմանավորվել էի), կափարիչն էի որոնում, հանկարծ անշարժացա: Ինչո՞ւ էի ցանկանում գրամեքենաս վերանորոգել: Որպեսզի վերականգնեի մարդկանց ու աշխարհի հետ խզված նախկին կապե՞րս: Բայց կարիք կա՞ր: Իմաստ ունե՞ր վերականգնել մի բան, որ այդքան հեշտորեն խզվում է: Ի՞նչ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը դրանք կրկին չէին խզվի` որևէ այլ հատուկ պատճառով: Իմաստ ունե՞ր որոնել մի բան, որը մշտապես կորչելու վտանգի է ենթակա: Գրամեքենայիս գլխավերևում կանգնած` ես մեքենայաբար սկսեցի հարվածել միակ պահպանված տառի ստեղնին` չչչչչչչչչչչչչ...

Ու տառը վայր ընկավ: Ես դա իբրև բացարձակ լռության խորհուրդ ընկալեցի: Հարվածեցի գրամեքենաս իրականության հետ կապող վերջին ստեղնին` ...: Երրորդ զարկից հետո գրամեքենաս իրականության հետ բացարձակապես խզվեց: Մնացի ես: Միայն չհասկացա, թե ինչու «մնացի ես» բառերը շուրթերիս դառը և ահավոր ժպիտ առաջացրին:

ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԸՆՏՐԱՆԻ

***

Ձեր ցույց տված ճամփաները խորթ են ինձ,

Թեկուզ դրանք երազներիս մոտ գնան,

Թեկուզ այնտեղ ընկնեն շողեր արևից,

Բայց ես, լավ է, արդար մթի մեջ մնամ:

Նյութին ծախված հոգու խորհուրդը պիղծ է,

Նրան խորթ չեն համբույրները Հուդայի,

Ում աշխարհում չտեսնելը լոկ իղձ է,

Ինչի համար հազար կյանք էլ կտայի:

 

 

Չարի օրհնած ուղիները ընտրողը

Բարձրանում է բլուրները ավազե,

Բայց հոգում կա վար սահելու երկյուղը,

Որ թույլ չի տա անգամ հանգիստ երազել:

 

Ոչ մի տեղ են տանում քայլերը վազող,

 

Թե չեք խորշում դժոխք տանող ճամփեքից,

Թող ես մնամ մի հասարակ երազող,

Բայց ձեր հարթած ճամփաները պետք չեն ինձ:

 

***

Արի հենվենք բազկաթոռի փափուկ կողին,

Ու հեքիաթներ ինձ շշնջա կախարդական,

Թող ենթարկվեմ ինձ քուն բերող ձայնիդ դողին,

Երազները լինեն մոտիկ ու իրական:

 

ժամը կանգնի, չծերանաս գոնե մի պահ,

Ես էլ այդպես մնամ գերի անուրջներին,

Լինեմ գեթ հյուր, գեթ մի վայրկյան կանգնեմ անահ

Մանուկ օրվա անհետացող կամուրջներին:

Ձեռքդ բռնած կյանքի միջով անցնենք դանդաղ,

Անպարզ հարցեր անվերջ ուղղեմ

քեզ վերստին,

Եվ գրկիդ մեջ ինձ պարուրի նինջը խաղաղ,

Չհետևեմ անցնող օրվա լուռ կորստին:

Բայց երազ է ու երազը չի տրվի մեզ,

Շշունջիդ հետ հեռացել են օրերն անդարձ,

Եվ անավարտ քո հեքիաթը մնաց այդպես

Այն հնամաշ բազկաթոռի կողին սառած:

 

***

Երբ մայրամուտն է նստում տանիքին,

Եվ լուսնի ջահը վառում իր վրա,

Մտքերս, աչքը հառած գալիքին,

Լուռ փորփրում են խորքերը նրա:

 

Հասնում են մինչև այն կետին, որտեղ

Գուցե եւ սիրտս չի բաբախելու,

Եվ արդեն տեսած դատաստանն ահեղ`

Քավարանի փակ դուռն եմ բախելու:

Բայց մինչ հասնելը վերին դռների,

Ո՞ւր են տանելու բախտի քայլերը,

Կողքիս կտեսնեմ խոհեմ շների՞,

Թե ինձ կուղեկցեն միայն գայլերը:

 

Երբ որ քայլերս բարձունքի հասնեն,

Աչքս կնայի՞ ներքև կանգնածին,

Թե ամոթանքով մի օր կտեսնեմ,

Որ վերածվել եմ հոգով խեղվածի:

Պետք չէ ամեն կերպ վերելքի գնալ,

Վաճառել խիղճը արծաթի դիմաց,

Շատերը դարձան տիրակալներ, բայց

Ոչ մեկն աշխարհի տերը չմնաց:

 

***

Օրը լուռ կավարտվի ամեն օրվա նման,

Նորից բաց աչքերով կպառկեմ մթան մեջ

Ու մտքում կհիշեմ հերթով սրան, նրան,

Կհիշեմ մեղքերս, որ չունեն

սկիզբ ու վերջ:

Գործած մեղքերի դեմ միայն 

ձեռք թափ կտամ,

Նորերը կկազմեմ կիսասթափ մտքում,

Ոչինչ համարելով հանցանքի համեմատ`

Ինձ կտեղավորեմ անմեղների շարքում:

Սկսվող օրվա հետ դուրս կըելնեմ տնից,

Կարևոր գործերին սպասեցնել չեմ տա,

Մեկին ես կխաբեմ, ոմանք կխաբեն ինձ,

Ու կյանքի անիվը այսպես պտույտ կտա:

 

Հենց որ նեղն ընկընեմ, Աստված 

միտքս կգա,

 

Մտածկոտ կքայլեմ ` վանքի ճամփան բռնած,

Կհնչի թողության աղոթքը ջերմեռանդ

Մոմի առաջ` վերջին կոպեկներով գնած:

 

Եվ աղոթքի ձայնը դեռ չմարած օդում`

Նոր մեղքերի գիրկը, աշխարհ,

ինձ կնետես,

Բայց դու, Աստված, որ մեզ ճանապարհ ես  հարթում,

Ներիր անարդարիս, չէ՞ որ մեծ սիրտ ունես:

Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ