Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում․ Քոչարյանի պաշտպան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կոչ է անում պատկան մարմիններին թույլ չտալ, որ այսօր դատարանի դիմաց նախանշված հավաքը չկայանա: Այս մասին Ալումյանը նշեց այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, Հայկ Ալումյանը նշեց, որ սա նախեւառաջ, կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. «Անգամ ՀՔԾ-ն Քոչարյանին չի վերագրում 10 մարդկանց, անգամ մեկ մարդու կյանքը խլելը: Պարոն Սարգսյանը լինելով իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր, նման կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս: Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում: Սրանից հետո մեզ պետք է ասեն, որ Հայաստանում այլեւս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ: Այդ թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումները ահագնացել են վերջին մեկ տարվա մեջ»:
Հայկ Սարգսյանը նաեւ նշում է. «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել»: Այսինքն ինքն արդեն վերեւում նախանշել է, թե արդար որոշումը որն է դատավորի համար՝ պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ: Սա ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը, զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»:



