Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գարեգին Բ-ն Սուրբ Պատարագ է մատուցել Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում

ՄՇԱԿՈՒՅԹ

 

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում:

 

Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր ժողովրդին:Հաջորդած պատրաստությունից հետո եկեղեցականաց թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի տաճար: Վեհափառ Հայրապետը, ժողովրդին օրհնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով, այն զետեղեց սրբի անունը կրող խորանին` հավատացելոց օրհնության և երկրպագության համար:Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

 

Սուրբ Պատարագին ներկա էին Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի Արքեպիսկոպոս Իրենեոսի, Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ եկեղեցիների սպասավորներ, Կրետեի հայ համայնքի և եկեղեցական վարչության անդամներ, բազում ուխտավորներ Աթենքից, Պոլսից և Մոսկվայից:

 

Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին:

 

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հանդիպելու և ձեզ հետ միասին Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու 350-ամյակը տոնախմբելու շնորհի համար: Գոհունակության զգացումով է համակված Հայրապետիս հոգին, որ հովվապետական անդրանիկ այցով գտնվում ենք Միջերկրական ծովի այս գեղատեսիլ կղզում, որտեղ հայորդիք դարեր շարունակ սերնդեսերունդ համախմբված են Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս նվիրական եկեղեցու հովանու ներքո: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ  Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը:

 

Խորհրդանշական է, որ այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին: Այն հիշատակությունն է երկրի վրա Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատման, որ հիմնվեց հավատքի վեմի վրա, ինչպես որ օրհնաբանվում է նաև Ժամագրքի աղոթական խոսքերով` « Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձավ Եկեղեցու հաղթության, Փրկչի կենարար վարդապետության աշխարհում տարածման սկիզբը և այն զորությունը, որով քրիստոնյաները համբերեցին բազում չարչարանքների ու նեղությունների, բայց անշեջ պահեցին հավատքի լույսը, դրանով լուսավորեցին աշխարհը և հրավիրեցին մարդկությանը ժառանգելու հավիտենությունն ու երկնքի արքայությունը: Քրիստոսի շնորհած Հարությունը դարձավ զորությունը նաև այս կյանքի, որով դժվարությունների ու խնդիրների առջև դիմակայումով հավատացյալները վկայեցին իրենց հավատքի, կամքի ու կյանքի հաղթանակը և հավատքի վեմի վրա անսասան մնալով՝ եկեղեցիներ հաստատեցին տարբեր երկրներում: Հարության զորությամբ էր նաև, որ Քրիստոսապաշտ մեր ժողովուրդը հառնեց իր համար փորված գերեզմաններից, հարություն առավ Հայոց Ցեղասպանությունից և իր կյանքը վերընձյուղեց հավատավոր ու աստվածասեր իր ընթացքի նոր ձեռքբերումներով: Աշխարհի տարբեր երկրներում հիմնված հայ համայնքներում վերստին կերտվեցին սրբավայրեր, կառուցվեցին եկեղեցիներ, հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց հայոց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության՝ ըստ Պողոս առաքյալի հոգեշահ խոսքի. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը: Ո՛չ մի արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռ. Ը 35, 39): Ահա այդ սիրով, անխորտակելի հավատքով են հիմնադրվել մեր սուրբ եկեղեցիները, ինչպես որ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս եկեղեցին:

 

Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների ընդմիջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակրով, մատռվակում Տիրոջ Կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի խաղաղ նավահանգիստը: Եկեղեցու այս մեծագույն փրկարար առաքելության կարևորությամբ է մեր շարականներում Սուրբ Եկեղեցին գովաբանվում որպես Աստծո քաղաք, աստվածային շնորհներով լցված անխորտակելի հաստատություն. «Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»:

 

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ երեք և կես դարեր շարունակ Սուրբ Հովհաննու Կարապետ այս եկեղեցին իր հոգևոր սպասավորներով և նրանց լծակից աշխարհականներով գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Կրետեում հաստատված հայորդիներին, առաջնորդել դեպի Աստված, զորացրել հավատացյալներին, բաշխել Սուրբ Հոգու պարգևները, ամուր պահել ազգային ինքնությունը:

 

Սիրելիներ, նոր ժամանակներում դուք եք, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակում եք կենդանի պահել ազգային-եկեղեցական կյանքն այստեղ, և ձեր բաժին լույսը հավելել Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Դուք էլ ձեր այս փոքրիկ համայնքով, բայց զորավոր հավատքով մաս եք կազմում հայոց ազգային-եկեղեցական կյանքի, և շատ կարևոր է, որ նույն նախանձախնդիր ոգով շարունակեք ընթանալ ձեր հայրերի ավանդած ճանապարհով», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

 

Նորին Սրբությունը հորդորեց Կրետեի հայ համայնքին հարուցյալ Տիրոջով զորացյալ` ամուր հավատքով և անխոնջ նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո ընթացքը, նախանձախնդիր մնալ մեր սրբազան արժեքներին և ազգային ու եկեղեցական կյանքի հանդեպ նույն նվիրումով շենացնել համայնքային իրենց կյանքը: Վեհափառը պատգամեց եկեղեցու հաստատման 350-ամյակի հոբելյանը նոր հանգրվան նկատել` նորոգելու առ Աստված հավատարմության իրենց ուխտը և եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներով բարեզարդելու ազգային-եկեղեցական մեր անդաստանը:

 

Ուրախալի այս առիթով Հայրապետն իր գնահատանքը բերեց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ում հոգատարության ներքո է գտնվում Կրետեի հովվությունը, ինչպես նաև այցի կազմակերպման գործում իրենց ջանքերը ներդրած Եզնիկ արքեպիսկոպոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին, եկեղեցու վարչության ատենապետ Անտոնիս Բենարդին և անդամներին:

 

Նորին Սրբությունը իր շնորհավորանքներն ուղղեց Կրետեում բնակվող հայորդիներին այս նշանակալի հոբելյանի առիթով` մաղթելով սեր և երջանկություն ընտանեկան իրենց հարկերից ներս, ուժ և կորով, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Կրետե կղզու բարգավաճմանը` շարունակելով վայելել տեղական իշխանությունների և ժողովրդի սերն ու հարգանքը:

 

Գարեգին Բ. Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաև Հունաստանի իշխանություններին` ի դեմս արարողությանը ներկա Հունաստանի փոխարտգործնախարար Մարկոս Բոլարիսի, Կրետեի արքեպիսկոպոսարանի, նահանգապետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներինն` ջերմ ընդունելության, մեր ժողովրդի զավակների հանդեպ բարյացակամության ու զորակցության և հոբելյանական միջոցառումներին բերած աջակցության համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց, որ Տիրոջ օրհնությամբ սիրո և խաղաղության մեջ շենանա Հունաստանը, Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորեղ և բարօր մնա աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքը, և համայն հայության միասնական ջանքերը ծառայեն բարօրությանը Հայաստան աշխարհի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանը:

 

Սուրբ Պատարագի ողջ ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն ստացան համբուրելու Սուրբ Հովհաննու Կարապետի մասունքակիր խաչը և սրբի բարեխոսության հայցով արժանանալու սուրբ մասունքներից ճառագող օրհնությանը:

 

Սրբազան արարողության ավարտին հաջորդեց խաչքարի օրհնության կարգը, որ պանծալի հոբելյանի առիթով եկեղեցուն է ընծայվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

 

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց խաչքարը, որից հետո վերստին իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց Կրետեի հայ համայնքին և ներկա բազում ուխտավորներին:

 

Նույն օրը «Աքվիլա Ատլանտիս» հյուրանոցում համայնքի կողմից կազմակերպվել էր պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, որի ավարտին Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպումներ ունեցավ Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսի և տոնախմբությունների առիթով Կրետե ժամանած ուխտավորների խմբերի հետ:

 

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան