Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդդիմությանը տալիս է բաղձալի լծակները. ՀՅԴ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդդիմությանը տալիս է այն լծակները, որոնց մասին նրանք կարող էին միայն երազել։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Սահմանադրական փոփոխությունների նախագծում ամենակարեւորը, ըստ պատգամավորի, կառավարման խորհրդարանական համակարգի մասին դրույթն է։
«Մյուսը սահմանադրությամբ ամրագրվող համամասնական ընտրական համակարգն է։ Երրորդ կարեւոր բաղադրիչը պետական համակարգում ընդդիմության դերն է։ Անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը դեմ Սահմանադրությանը։ Ուզած-չուզած՝ նրանք «այո» են ասում գործող Սահմանադրությանը։ Եթե մենք այդ փոփոխությունները չանցկացնենք, մեր երկրում դրական փոփոխությունների հնարավորությունները կտրուկ կփոխվեն»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը։



