Կայուն մեծամասնության մասին դրույթը վտանգավոր է. Անահիտ Բախշյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայիս սոցիալ-տնտեսական վատ վիճակի մեղավորը Սահմանադրությունը չէ: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով իշխանության դիտարկմանը, թե Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում դրական տեղաշարժ է լինելու:
«Գործող Սահմանադրության Հոդված 65-ում ասվում է, որ պատգամավորներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իրականությունը փաստում է, սակայն, որ պատգամավորները զբաղվում են ձեռնարկատիրությամբ: Այնպես որ, ինչպես գործող Սահմանադրությունը չի գործում, այնպես էլ նորը չի գործելու»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Երեւանի ավագանու անդամի խոսքով՝ «Ժառանգությունը» ժամանակին ցանկանում էր անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն Սահմանադրության այս նախագծում կան կետեր, որոնց հետ իրենք համաձայն չեն. «Կայուն մեծամասնության կետը վտանգավոր է մեզ համար»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ արձագանքեց, թե «Ժառանգության» տեսակետներն ընդգրկված են այս Սահմանադրությունում, սակայն դեմ են, որովհետեւ իշխանություններն են նախաձեռնել:
«Մենք անցնում ենք այն ճանապարհով, որով ամբողջ աշխարհն է անցնում: Ժամանակն է, որ միակենտրոն կառավարումից անցնենք կոլեգիալ կառավարման համակարգին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:



