Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 17-ին նշում են Ուսանողների միջազգային օրը (International Students' Day)։ Այս օրը սահմանվել է 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ՝ ի հիշատակ չեխ հայրենասեր ուսանողների։ Այս տոնի պատմությունը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիայում սկսված ողբերգական դեպքերի հետ։ 1939թ. հոկտեմբերի 28-ին ֆաիշիստների կողմից պաշարված Չեխոսլովակիայում չեխ ուսանողները ցույցի էին դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի հիմնադրման տարեդարձը։ Նացիստական զորքերը ցրել էին ցույցը՝ սպանելով բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալին, փոխանցում է Calend-ը։
Նոյեմբերի 15-ին նրա հուղարկավորության ժամանակ նորից զանգվածային ցույցեր էին սկսվել։ Նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջապատել էին ուսանողական հանրակացարանը եւ կալանավորել ավելի քան 1200 ուսանողի։ Հիտլերի հրամանով բոլոր չեխական ուսումնական հաստատությունները փակվել էին մինչեւ պատերազմի ավարտը։ Այս իրադարձությունների կապակցությամբ Ուսանողների համաշխարհային կոնգրեսը որոշել է նոյեմբերի 17-ը սահմանել որպես Ուսանողների միջազգային տոն։



