Հայաստանի դեսպանն առաջին անգամ իր հավատարմագրերն է հանձնել Պանամայի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը` Մեխիկո), նոյեմբերի 12-ին երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, իր հավատարմագրերն է հանձնել Պանամայի Հանրապետության նախագահ Խուան Կառլոս Վարելային, իսկ հավատարմագրերի պատճենները` երկրի փոխնախագահ ու արտգործնախարար տիկին Իսաբել դե Սենտ Մալո Ալվարադոյին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպանի առանձնազրույցը Պանամայի նախագահի, ինչպես նաեւ փոխնախագահ ու արտգործնախարարի հետ:
Երկրի նախագահը, գոհունակություն հայտնելով Պանամայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի առնչությամբ, հաջողություն մաղթեց Գրիգոր Հովհաննիսյանին իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ այն հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական եւ մշակութային բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ մեծ եռանդով կաշխատի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:



