ՄԱԿ-ի մարդասիրական նավը Ադենի ափերի մոտ ենթարկվել է գնդակոծության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵմենի համար նախատեսված ՄԱԿ-ի մարդասիրական նավը եմենյան Ադեն քաղաքի նավահանգստին մոտենալիս ենթարկվել է ականանետային գնդակոծության։ Այս մասին հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:
Նա գնդակոծության պատասխանատու է համարում եմենցի հուսիթ ապստամբներին: Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նրանք թույլ չեն տվել նավին մոտենալ կառավարական ուժերի կողմից վերահսկվող նավահանգստին:
«Հուսիթները ականանետերով գնդակոծել են 7 հազար տոննա սննդով բեռնված ՄԱԿ-ի նավը, երբ այն գտնվել է ադենյան նավահանգստից ծովային մղոն հեռավորության վրա: Նավը ստիպված է եղել շրջվել, գիշերը այն արդեն Ադենից 5-8 մղոն հեռավորության վրա էր»,- Եմենի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Նա հավելել է, որ նավը գնդակոծության արդյունքում չի վնասվել։ Այն Եմեն էր ուղարկվել Ջիբութիից, որտեղ տեղակայված է միջազգային մարդասիրական կետը:



