Արեւիկ գյուղում տեղի ունեցավ հակառակորդի կրակոցից զոհված Վահե Վանոյանի հոգեհանգիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Արեւիկ գյուղում այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, հակառակորդի կրակոցից զոհված Վահե Վանոյանի հոգեհանգիստը: NEWS.аm-ի հետ զրույցում Արեւիկի գուղապետ Գարեգին Ստեփանյանը նշեց, որ հոգեհանգիստը տեղի է ունեցել Արեւիկ գյուղում գտնվող եկեղեցում:
Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան համանատարներ, Վահե Վանոյանի մարտական ընկերները, հարազատները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Արեւիկ գյուղ՝ հակառակորդի կրակոցից զոհված Վահե Վանոյանի տուն, նա զոհված զինվորին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայության» մեդալով:
Նշենք, որ Վահե Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Արեւիկ գյուղում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։



