Վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը խաբեությամբ ավանդների պայմանագրեր է կնքել եւ հափշտակել մոտ 1 մլն դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձեւական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ավանդ ձեւակերպելու պատրվակով ստացել եւ խարդախությամբ հափշտակել է մոտ 1.000.000 դոլար՝ խոստանալով ամսական ապահովել տարբեր չափերի եկամտաբերություն:
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր եւ վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սեւանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:
Կասկածներ կան, որ Վահրամ Ղազարյանի գործունեությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սեւանի կամ մոտակա բաժին:



