«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Հակոբյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2019թ. փետրվարի 27-ին Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Հակոբյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դեմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի կողմից ներկայացված բողոքը, որոշեց բողոքը բավարարել եւ Աշոտ Հակոբյանին ազատ արձակել:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փոխանցմամբ, Աշոտ Հակոբյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, որից 9 տարին արդեն կրել էր:
Աշոտ Հակոբյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը նշեց, որ պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը կարեւոր դեր է կատարում անձի ուղղման գործընթացում, եւ եթե նախկինում ճնշող մեծամասնության դեպքում անձինք պայմանական վաղաժամկետ ազատ չէին արձակվում, դա բացասաբար էր ազդում նրանց վարքագծի վրա.
«Անձը որեւէ շահագրգռվածություն չուներ, սակայն, եթե նա վստահ լինի, որ դրական վարքագիծ ունենալու դեպքում կարող է ազատ արձակվել, ապա դա խթան կհանդիսանա, որ նա փորձի իրեն լավագույնս դրսեւորել: Սակայն ամենակարեւորն այն է, որ դատարանները գնահատեն դատապարտյալների այդ ջանքերը»:



