Ազատության հրապարակում գիշերը խաղաղ է անցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը գիշերը խաղաղ է անցել։ Ոստիկաններն ամբողջ ընթացքում հսկել են նստացույցը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը։
Նա նշեց, որ գիշերը մնացել են ավելի քան 200 քաղաքացիներ։ Նստացույցը շարունակվելու է մինչեւ երկուշաբթի, եւ իրենք ակնկալում են, որ այսօր ավելի շատ մարդ կմասնակցի նստացույցին։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



