Երևանցիները ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան մոտ. երեկոյան կանցկացվի մոմավառություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանցիները ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի: Նոյեմբերի 14-ին` ժամը 22:00-ին կանցկացվի մոմավառություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ դեռ սգո մատյան չէր բացվել:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, հասել է 120-153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ, նրանցից 80-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել էարտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց Նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել :
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին. «Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին...Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցության: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը և հոգիները»:



