Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանին պակասում է երկու բան՝ փորձ ու փող. Լապշինը՝ հայկական և հրեական սփյուռքի, հայերեն իմացած միակ բառի և Ալիևի՝ իր ձերբակալության լուրը միայն երկրորդ օրը լսելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, Tert.am-ին տված հատուկ հարցազրույցում պատմել է ընտանիքի, հայկական ու հրեական սփյուռքի, Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքի, հայաստանյան զբոսաշրջության, հայերեն իմացած «միակ» բառի ու անգամ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

Հենց սկզբից բլոգերն անկեղծանում է՝ Ադրբեջանի մասին բացասական մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով հայ լրագրողների տված հարցերը մի փոքր հոգնեցրել են: 

Թեև ակամայից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեմայի կիզակետում հայտնված իսրայելցի բլոգերն ի սկզբանե հայերի ու Հայաստանի հետ որևէ կապ չի ունեցել, նրա ընտանիքի պատմությունը քիչ է տարբերվում շատ հայերի պատմություններից:

«Պապս Վիլնյուսից է, նա ուներ 3-4 եղբայր և քույր, և բոլորը, բացի նրանից, մահացան: Բոլորին տարել են գնդակահարելու, լցրել են փոսն ու թաղել: Դե գիտեք, մինչ պատերազմը Վիլնյուսը կիսով չափ հրեական քաղաք էր: Մյուս ազգականներս Լեհաստանից էին՝ Կրակովից, մի մասն էլ Լվովից, պատերազմի հենց սկզբում՝ 1941 թվականի հունիսին, քաղաքի հրեա բնակչությանը հրամայել են դուրս գալ իրենց իրերով ու դուրս են տարել, ոչ ոք չգիտի անգամ՝ ինչպես դա պատահեց, ուր տարան, ինչպես սպանեցին»,- պատմում է իսրայելցի բլոգերը՝ նկատելով, որ իրավիճակը շատ ծանոթ կարող է թվալ բազմաթիվ հայերի: 

Ավելի ուշ Լապշինների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանում:

«1940-ին, երբ ԽՍՀՄ-ն գրավեց Մերձբալթյան երկրները, պապս մոտ 20 տարեկան էր, նա գնաց սովորելու Լենինգրադ, հետո մասնակցել է պատերազմին, Լենինգրադյան բլոկադայի ժամանակ վիրավորվել է, տարել են այլ վայր հոսպիտալ, այնտեղ էլ ծանոթացել է տատիկիս հետ»:



Որպես ճանապարհորդ և բլոգեր՝ Ալեքսանդր Լապշինը աշխարհում օր օրի աճող գլոբալ միտում է նկատում մարդկանց ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության խիստ անկման հետ կապված: 

«Մենք, օրինակ, գիտեինք, որ ամեն ինչ խոշոր հաշվով հենց այդպես էլ լուծվում է, բայց չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի: Օրինակ, մտքներովս չէր անցնի, որ Լուկաշենկոն մեկ զանգով բլոգեր կվաճառի: Կարծում եմ, որ դա պայմանավորված է անհատների՝ ընդհանուր իրավիճակի վրա ազդեցության մեծացման հետ: Օրինակ՝ ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ազատ երկիր է, Կանադան՝ այո: Այս տարածաշրջանում երևի թե ամենաազատը Հայաստանն է», - նշում է Լապշինը:

Նա համոզված է, որ համացանցը, ի հեճուկս տարատեսակ կարծիքների, ժամանակակից բլոգերներին չի վնասել, այլ օգնել է, իսկ այն, որ ամեն ոք կարող է լինել բլոգեր ու հայտնի դառնալ անգամ անհեթեթ հրապարակումների շնորհիվ, իրեն շատ չի մտահոգում:

«Մարդիկ միևնույնն է գալիս են հենց իմ էջ ու կարդում ինձ», - ժպտալով նկատում է Լապշինը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մինչ մեր հանդիպումը երևանյան փողոցներում 15-50 րոպեում մոտ 5 մարդ է իրեն մոտեցել, և բոլորն իրեն ճանաչում են ու ժպտում:

Հայերեն չի սովորում, կատակով ասում է՝ «Մեկ բառ գիտեմ հայերեն. Արցախ: Ի դեպ, գիտե՞ս, որ «Արցախ» եբրայերեն բառացի նշանակում է ծաղկող դաշտեր»:

Մինչ Արցախ այցելելը իսրայելցի բլոգերը տարբեր հակամարտությունների գոտիներում շատ է եղել, սակայն առանց նման ծանր հետևանքների։ Արցախ այցելելու ժամանակ Ադրբեջանի սահմանած արգելքների մասին տեղյակ չի եղել, իսկ հետախուզման մասին իմացել է ձերբակալման պահին։

«Նախ կարծեցի, որ դա կատակ է։ Ինձ մոտ գալիս են բելառուս ոստիկաններ ու ցույց տալիս ինձ ձերբակալելու հրամանը։ Ասում են՝ «Այդ «չուռկոբեսները» չգիտես ինչի ուզում են ձերբակալել նրան»: Հենց այդպես էլ ասացին: Նախ նրանք զինված էին ինքնաձիգերով, հետո, իհարկե, ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեցին։ Ասացին՝ «Դե, եկեք, գնացինք»»,- հիշում է Լապշինը։

Ինքը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես ի սկզբանե տեղյակ չէին իր ձերբակալության ծրագրից։ Գործը հարուցել է գլխավոր դատախազությունը և հետո անելանելի դրության մեջ դրել հենց նախագահ Իլհամ Ալիևին։ Արդյունքում ադրբեջանական ներքին դավադրությունից կարողացավ արագ ու ճարպկորեն օգտվել Բելառուսի առաջնորդը։ 

Այլ կերպ ասած՝ Լապշինը համոզված է, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ներսում կլանային բախումների արտացոլանք էր, և որոշ ուժեր այս հարցում գործել են հենց նախագահ Ալիևի դեմ։

«Ալիևին ուղղակի «քաշեցին»: Նա ձերբակալության միայն երկրորդ օրն է իմացել իմ մասին։ Այսպես է ստացվել․ զանգահարում է Լուկաշենկոն ու ասում, որ «Ահա մենք բռնել ենք այս մարդուն, որին ձեր իրավապահները փնտրում են միջազգային հետախուզմամբ, այսպես այսպես, բայց մենք կարող ենք, իհարկե, և չարտահանձնել նրան»։ Բայց դա, անշուշտ, կազդեր Ադրբեջանի ներսում Ալիևի վարկանիշի խիստ անկմանը։ Իմ գործարքը փաստացի արժեցել է 400 մլն դոլար, ինձ հենց այդքանով վաճառեցին»,- հաստատում է բլոգերը՝ ընդգծելով, որ Բելառուսի նախագահը փաստացի այդ գործարքով լուծել է իր երկրում ունեցած ֆինանսական խնդիրը։ 

Լապշինը վստահ է՝ նրանից նախ ցանկանում էին ազատվել ամենապարզ ճանապարհով ու ուղղակի սպանել: Սակայն չէին սպասում, որ իր գործն այդքան աղմուկ կբարձրացնի, կլարվեն հայ-բելառուսական հարաբերությունները կամ Ռուսաստանը իրապես կպահանջի իր ազատությունը:

«Երբ ես արթնացա վերակենդանացման բաժնում, որտեղ իմ մի կողմում կանգնած էր իսրայելցի հյուպատոսը, մյուս կողմում՝ ադրբեջանցի փաստաբանը, ու եկել էր նաև մայրս,  իսկ ինձ համոզում էին, թե ինքնասպանության փորձ եմ կատարել, ես հասկացա, որ ինչ-որ բան նրանց ծրագրով չի գնացել։ Ես շատ լավ էի հիշում, թե ինձ հետ ինչ է պատահել», - հիշում է Լապշինը:

Իր կարծիքով՝ այժմ Ադրբեջանի նախագահի դեմ ներսից գործում են ուժեր, որոնք կարողանում են ազդել հենց դատական համակարգի վրա:

«Դուք գիտեք, որ նախ ՄԻԵԴ դիմելու համար պետք է անցնեմ այդ երկրի բոլոր դատական ատյաններով, սակայն ադրբեջանցիները դա փաստացի դարձրին անհնարին։ Հետևաբար ես կարողացա միանգամից դիմել ՄԻԵԴ՝ հիմք ներկայացնելով, որ այդ երկրում դատարան դիմելու բոլոր հնարավորություններն ինձ համար փակ են։ Նրանց համար ավելի ձեռնտու կլիներ թույլ տալ, որ ես գնամ Բաքու, դիմեմ դատարան, և ինչ-որ կերպ փորձեին ձգձգել կամ կոծկել գործը։ Հարց է առաջանում՝ ինչու այսպես վարվեցին։ Ես չեմ կարծում, որ նրանք այդքան հիմար են, ես կարծում եմ, որ կրկին ինչ-որ մեկը ներսից գործում է նախագահ Ալիևի դեմ», - նշում է Բաքվի բանտում 9 ամիս անցկացրած բլոգերը։

Բաքվի բանտի հետ կապված այլ հուշեր էլ ունի։ Չի մոռանում, թե ինչպես են բանտի որոշ աշխատակիցներ կարճ գրառումներ փոխանցել, իսկ մեկն էլ Նովրուզի տոնի ժամանակ իր կնոջ պատրաստած փախլավան էր բերել նրա համար բանտ ու հյուրասիրել։

«Ասաց՝ «Գիտես՝ մեզ մոտ տոն է, իսկ դու այստեղ նստած ես․․․ Վերցրու», - հիշում է Լապշինը։

Բլոգերը համոզված է, որ հայերն ու ադրբեջանցիներն իրար այդքան էլ լավ չեն ճանաչում, և չիմացության այդ բարձր մակարդակը առկա է երկու կողմերում էլ:

«Եթե այսքանից հետո հարցնեք՝ ովքեր են ադրբեջանցիները, ես կասեմ․ նորմալ մարդիկ են, պետք է տարանջատել քաղաքացիներին ալիևյան ռեժիմից»,- նշում է բլոգերը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ համաձայն չէ այն թեզի հետ, թե հայերն ու ադրբեջանցիները որպես նույն տարածաշրջանի ժողովուրդներ շատ նման են միմյանց և երբեմն կրում են նույն արժեքները։

«Դա այդպես չէ։ Ես կասեի, որ նրանց մտածողությունն ավելի շատ նման է թուրքերին ու արաբներին։ Դա ասում եմ որպես 28 տարի Իսրայելում՝ պաղեստինցիների կողքին ապրած մարդ։ Երկու շատ կարևոր ասացվածք կա արաբների մոտ, որոնք, հետագայում պարզվեց, ադրբեջանցիներն էլ ունեն։ Առաջինը՝ «Մինչև վերջ մի՛ ծեծիր թշնամուդ, որովհետև նա կարող է վաղը քեզ պետք գալ քո ընկերոջ դեմ»։ Եվ երկրորդը ավելի շատ անեկդոտի է վերածվել, բայց այն ժողովրդական առած է։ Երբ կարիճը խնդրում է ուղտին անցկացնել իրեն գետը, քանի որ լողալ չգիտի, ուղտն ասում է՝ «Բայց դու ինձ կկծես», կարիճը հավատացնում է, որ չի կրող նման բան լինել, չէ՞ որ իրենք արդեն հարազատներ են։ Ուղտը տեղափոխում է նրան, կարիճը բնականաբար կծում է։ Եվ երբ վիրավոր ուղտը հարցնում է՝ «Ինչո՞ւ նման բան արեցիր, չէ՞ որ ես օգնեցի քեզ», կարիճն ասում է՝ «Արևելքը նուրբ բան է, ընկեր»։ Այ այս երկու բանն է, որ հայերի մեջ գլոբալ առումով ես չեմ տեսնում», - պատմում է ճանապարհորդ-բլոգերը և խոստովանում․ Հայաստանում իրեն զգում է լավ ու հանգիստ, սակայն զգացմունքայնության հետևից չի ընկնում ու թեկուզ իր կյանքի վերջին իրադարձություններից ելնելով՝ ակամայից կապվել է մեր երկրին, ժողովրդին ու դրա պատմությանը, միևնույնն է, այն իր հարազատ երկիրը համարել չի կարող։

Երկու ամսով այստեղ գտնվող Լապշինը չի բացառում, որ Հայաստանում կարող է բնակություն հաստատել ավելի երկար ժամանակով, սակայն դեռ հստակ ծրագիր ու նպատակ չի ձևավորել։ 

«Դա կարող է լինել, եթե լինեն ինձ հետաքրքրող նախագծեր, այդ թվում՝ բիզնես», - նշում է բլոգերը՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ դեռ դրական հեռանկար չի տեսնում։

Մի քանի օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել պատրաստվող իսրայելցի բլոգերն ընդգծում է, որ Հայաստանում մարդկանց շրջանում առկա լավատեսությունը զգալի է։ 

«Ես անկեղծորեն շատ եմ հարգում վարչապետ Փաշինյանին ու անկեղծորեն հավատում նրա ազնվությանն ու երկիրը զարգացնելու մեծ ցանկությանը։ Համարում եմ նրան առաքինի ու կրթված մարդ։ Կարծում եմ՝ նրան ցանկալի արդյունքի համար պակասում է երկու բան՝ փորձ ու փող։ Դրամական ռեսուրսներ բոլոր նախատեսված ծրագրերն իրականացնելու համար: Կարծում եմ Փաշինյանին այդ ամենը գտնելու համար ունի երեք տարբերակ. նախկին օլիգարխիան, Սփյուռք կամ Ռուսաստան: Եվ ակնհայտ է, որ նա ընտրել է Ռուսաստանը», - ասում է Լապշինը։

Ինչ վերաբերվում է սփյուռքին՝ իսրայելցի բլոգերը նկատում է, որ հայկական և հրեական սփյուռքը, որը հաճախ սիրում են համեմատել, իսկապես ունեն որոշակի առանցքային տարբերություններ, որոնք էլ անմիջապես ազդում են երկու ժողովուրդների անկախ պետությունների վրա նրանց դերակատարության վրա.

«Նախ հրեական սփյուռքը, բնականաբար, ավելի հին է որպես այդպիսին։ Հայկական սփյուռքի 90 տոկոսը, կարելի է ասել, ձևավորվել է Ցեղասպանությունից հետո՝ վերջին դարում: Կա այսպիսի մի հանգամանք, որ թեև աշխարհով սփռված հրեաների մեծ մասը կարող է ոչ մի կապ չունենալ Իսրայելի հետ՝ նրանք դա ընկալում են որպես երկիր, պետություն, ուր ամեն պահի կարող են ապաստանել, եթե պետք լինի։ Կարծում եմ, որ հայկական սփյուռքի մի մասի՝ Հայաստանի հետ կապը ամեն առումով թույլ է։ Հարցն այն է, որ շատերը Հայաստանից էլ չեն, օրինակ՝ պապերը Վանում են ծնվել, որն այսօր Թուրքիա է։ Մի անգամ հանդիպում ունեցա արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ, մարդը Արգենտինայում մեծացած արդեն 5-րդ սերունդ է ու ես հարցնում եմ իրեն՝ իսկ ինչ կլինի, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Նա ինձ ասում է՝․«Բայց դա երբեք տեղի չի ունենա»։ Կամ՝ կգնա՞ս Արևմտյան Հայաստան կամ թեկուզ Հայաստանի Հանրապետություն ապրելու։ Իհարկե, ոչ»:

Հայաստանի այն առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին, հնագույն վանքերն ու քրիստոնեությունը առաջինն ընդունած լինելու փաստը չեն։ Ըստ Լապշինի՝ Հայաստանը ունակ է զարգացնել թե՛ գաստրո, թե՛ էկո-զբոսաշրջությունը և ոչ միայն։

«Հայաստանը երբեք չի լինի մեծ մասշտաբների զբոսաշրջային երկիր, և դա լավ է։ Այստեղ չկա ծով, և դա առավելություն է, դուք այստեղ չեք տեսնի մարդկանց, որոնք գնում են Անթալիա և որոնք հարբած են դեռ օդանավը վայրէջք չկատարած։ Վերջերս ես եղա երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ ինձ ասացին, որ բավականին շատացել են իսրայելցի զբոսաշրջիկները, ես հարցուփորձ եմ արել ոլորտի հետ կապ ունեցող իմ հայ ծանոթներին, պարզվում է՝ գալիս են հիմնականում ինտելեկտուալ, մեծ մասամբ 40-անց մարդիկ։ Դրանք մարդիկ են, ովքեր նույն սեղանի շուրջ են նստում Հայաստան եկող իրանցիների հետ՝ չնայած երկրների միջև թշնամանքին կամ շատ լավ տեղեկացված են Հայոց ցեղասպանության մասին և համարում են Իսրայելի կողմից դրա չընդունումը շատ ամոթալի»,- նկատում է հայտնի բլոգերը։

Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը՝ Լապշինը շատ պարզ է համարում դրա ժխտման պատճառը Իսրայելի պաշտոնական շրջանակների կողմից, պատճառներն ակնհայտ են․ կապերն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

«Հենց հակասեմական ճառերով հայտնի Էրդողանի օրոք Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը աճել է երկու անգամ», - հիշեցնում է բլոգերը՝ նկատելով, որ պաշտոնական մակարդակում երկու երկրների փոխադարձ քննադատություններն իրականում ձևական բնույթ են կրում և թուրք-իսրայելական տնտեսական կապերը ավելի քան ամուր են։

Այն, ինչ պատահեց իր հետ Արցախ այցից հետո, Լապշինը համարում է իր անձնական «ցեղասպանությունը»՝ հստակ իմանալով, թե ինչ է պահանջում դրա դիմաց։

«Չեմ ուզում համեմատել, իհարկե, դա անհամեմատելի է, սակայն եթե դիտարկենք դա որպես իմ և իմ ընտանիքի անձնական ցեղասպանություն Ադրբեջանի կողմից, ես գիտեմ, թե ես ինչ եմ պահանջում նրանցից։ Այ օրինակ ադրբեջանական ընդդիմությունից էլ ինձ ասել են՝ ինչ ես ուզում։ Սպանել քեզ չեն կարող, չարձագանքել չեն կարող, Ալիևը քեզանից սարքեց աստղ, հստակ ի՞նչ ես ուզում հիմա։ Ես ուզում եմ ֆինանսական փոխհատուցում և հրապարակային ներողություն։ Այո, դա չի վերադարձնի իմ կյանքի 9 ամիսը, հետ չի լցնի իմ մոր, կնոջ ու երեխայիս արցունքները, բայց դա կարևոր է ինձ համար»,- նշում է բլոգերը։

Ի դեպ՝ նույն ադրբեջանական ընդդիմության այժմյան գործողությունները, ըստ նրա, թեև իրապես վախեցնում են Ալիևի ռեժիմին, սակայն գլոբալ փոփոխությունների ներկայիս փուլում չեն բերի, ավելի շատ կլինեն որոշ ներքին կլանային տեղաշարժեր։

 

 

Հեղինակ Սոֆյա Հակոբյան

Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին