Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպմանը համագործակցության ընդլայնման հույս է հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ այսօր՝ հունվարի 30-ին կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է Եվրամիության հետ համագործակցության կարեւորությունը Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Փոխվարչապետը հյուրերին ներկայացրել է կառավարության նախագծվող ծրագրի առաջնայնություններն ու դրանց կապը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ: Նա ՀՀ բարեփոխումների օրակարգում որպես գերակա ուղղություններ առանձնացրել է ենթակառուցվածքները, մարդկային կապիտալը, արդարադատաթյունը, մարդու իրավունքները, տնտեսությունն ու առեւտուրը: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ ոլորտներում ԵՄ հետ համագործակցությունը կընդլայնվի եւ կխորանա, ինչը կնպաստի նախանշած բարեփոխումների իրականացմանը:
ԵՄ պաշտոնյաները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ կարեւորել ձեւավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես ՀԳԸՀ ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցրել են ինչպես ՀԳԸՀ կիրարկմանն ուղղված, այնպես էլ ԵՄ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացման հետագա քայլերը եւ առաջիկա համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:
ԵՄ պաշտոնյաների հանդիպումը փոխվարչապետի հետ հետեւել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի Հայաստան կատարած այցին ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած հանդիպումներին, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում եւ միտված են եղել ապագա համագործակցության զարգացմանը:



