Ձերբակալված Արմենը այլ հանցանքներ էլ էր կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունիսի 15-ին, ժամը 18.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 33 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Նա խոստովանել էր, որ մայիսին իրենց շենքի խորդանոցներից մեկից գողացել է կենցաղային իրեր եւ էլեկտրական սարքավորումներ:
Պարզվել էր նաեւ, որ նա հունիսյան մի գիշեր, ժամը 04.00-ի սահմաններում, մեկ այլ խորդանոցից փորձել է գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռան փականը` հեռացել է:
Պարզվել է, որ նշված խորդանոցը, որտեղից գողություն էր կատարվել, պատկանում է 1976 թ. ծնված Նորայր Մ.-ին, ով հունիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հաղորդում տվել, որ ապրիլից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում իր խորդանոցից գողացել են տարբեր տեսակի կենցաղային իրեր եւ ավտոպահեստամասեր` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Քննությունը շարունակվում է:



