Արմավիր-Մեծամոր ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 28-ին՝ ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nisan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.) մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» (վարորդը՝ Կ., Հ.) մակնիշի գազաբալոններ տեղափոխող բեռնատարը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nisan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Զ.-ն, (1988 թ.) և Ի. Ա.-ն (1987 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



