Նոյեմբերի 13-ին մեկնարկելու է հայկական հեռուստաեթերում բացառիկ «Այո և Ոչ» հեռուստանախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին մեկնարկելու է «Այո և Ոչ» հեռուստանախագիծը,- հայտնում է Past.am-ը:
Այն բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ:
Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը 11:00-23:00:
Հեռուստանախագիծը Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդհատ հեռարձակվելու է Յուքոմ ցանցի Արմնյուզ հեռուստաալիքով և Ա1+-ի կայքում:
Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր է լինելու դիտել նաև Արմնյուզի եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստատեսությունների հետ: Նրանք ևս միացել են հեռուստանախագծին:
Հ.Գ. Թիմերի անդամների ու ուղղությունների մասին կհայտարարվի մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, Դաբլթրի-բայ-Հիլթն հյուրանոցում:



