ՀՀԿ-ն «այո»-ի քարոզչություն կիրականացնի նաև հեռուստատեսային տարբեր շոուների միջոցով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի քարոզչությունը կիրականացնի նաև տարբեր հեռուսատեսային շոուների միջոցով:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե արդեն սկսվել է քարոզչական արշավը, տարբեր շոուներ պետք է լինեն: Ինձ թվում է, որ նման շոուներն ավելի գրավիչ կլինեն հասարակության, երիտասարդության համար: Մենք տարբեր ֆորմատի հանդիպումներ ենք նախատեսում: Ես այդպես մանրակրկիտ ուսումնասիրություններ չեմ կատարել, ինչ ձևաչափով են լինելու այդ շոուները: Երբ տրվի դրանց մեկնարկը, արդեն դուք հնարավորություն կունենանք հետևել»,- ասաց Բաղդասարյանը՝ դժվարանալով նշել, թե որ հեռուստաալիքներով են ցուցադրվելու այդ շոուները:
Նա ընդգծեց նաև, որ նոյեմբերի 12-ից կուսակցությունը սկսելու է մարզային այցելությունները՝ «այո»-ի քարոզարշավ իրականացնելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ խմբակցությունից 4-5 պատգամավոր արտահերթ նիստից հետո կայցելեն մարզեր: «Մենք այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի քարոզչությունը չխանգարի Ազգային ժողովի աշխատանքներին՝ լինի դա արտահերթ, թե հերթական նիստ»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Նա հստակեցրեց, որ պատգամավորները քարոզչության շրջանակում մարզեր են մեկնելու ոչ աշխատանքային ժամերի, իսկ այդ այցելությունների համար Ազգային ժողովից գործուղումներ չեն լինելու:



