Փարիզում «Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 107 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում վառելիքի գների բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 107 մարդ է ձերբակալվել: Դա տեղի է ունեցել ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազի կիրառումից հետո:
Ինչպես նշում է thejournal.ie կայքը, Ելիսեյան դաշտերում ցուցարարները փորձել են ճեղքել իրապահների կազմած պատը:
Մինչդեռ rt.com-ը նշում է, որ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը հաստատել է 107 ձերբակալվածի մասին տեղեկությունը:
Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում փակ է մետրոյի յոթ կենտրոնական կայարան: Ընդհանուր առմամբ, հասարակական կարգն ապահովում է մոտ 6.000 իրավապահ:
Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:
Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:



