Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն ընդմիջվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվեց։ Շուրջ չորս ժամ տևած դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից երեքը ներկայացրեցին իրենց բողոքը։ Դատական նիստը կշարունսկվի ժամը 17:00-ին։ Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։



