Հայկ Կոնջորյանը դադարեցնում է անդամակցությունը ԼՀԿ-ին՝ պայմանավորված կուսակցության ապագա գործունեության շուրջ մոտեցումների տարբերությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ես խորապես շնորհակալ եմ Լուսավոր Հայաստանի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում:
Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված:
Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»:



