Եթե Վրաստանն ու Ուկրաինան դառնան ՆԱՏՕ-ի անդամ՝ ՌԴ-ն պաշտպանողական գոտի կկառուցի Սոչիի մոտակայքում. ռուս պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը հայտարարել է, որ եթե Վրաստանն ու Ուկրաինան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանը ստիպված կլինի որոշ քայլերի դիմել՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ինչպես գրում է «Интерфакс»-ը, ռուս պաշտոնյան նշել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի պաշտպանողական էշելոններ ստեղծել Ուկրաինայի հետ սահմանի տարածքում: Կելինն ընդգծել է, որ Ռուսաստանը նման դեպքում պետք է բավականին մեծ ռեսուրսներ ծախսի հավանական հակառակորդի հավանական գործողությունները կանխարգելելու նպատակով:
«Մեզ համար դա կլինի ռազմական ու տնտեսական լուրջ խնդիր: Մենք ստիպված կլինենք պաշտպանողական գոտի կառուցել մեր երրորդ մայրաքաղաքի՝ Սոչիի մոտակայքում», - ասել է Կելինը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, իրենք չեն կարծում, որ վերոնշյալ երկու պետությունները մոտ ապագայում կդառնան ՆԱՏՕ-ի անդամ:



