Գեղարքունիքում բերքի ցրտահարության դեպքեր չեն գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 26-27-ի ընթացքում տեղացած ձյան եւ գրանցված գիշերային ցրտահարությունից տնտեսությունները չեն տուժել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, հոկտեմբերի 26-ի դրությամբ մարզում գրեթե ամբողջությամբ ավարտված է եղել կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը, իսկ տնամերձերում կամ դաշտերում մնացած կաղամբի բերքը չի ցրտահարվել, քանի որ ցուրտը տատանվել է 2-4 աստիճան ցելսիուսի սահմաններում:
«Նման ջերմային ռեժիմի պայմաններում կաղամբի ցրտահարության դեպքերը բացառվում են: Կարտոֆիլի բերքահավաքը մինչ ցրտահարությունը արդեն ավարտված էր, պտղի բերքահավաքը՝ նույնպես: Մարզի տնտեսությունները չեն տուժել ցրտահարությունից, իսկ տեղումները նպաստավոր են աշնանացանի աշխատանքների հետագա ծավալման համար»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան



