Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. կասկածյալը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան։
Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997 թ.։ Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։



