Ինտերպոլի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հրաժարական է ներկայացրել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:
«Հոկտեմբերի 7-ին Լիոնում գործող գլխավոր քարտուղարությունը դիմում է ստացել Մեն Հունվեյի՝ որպես Ինտերպոլի նախագահի պարտականությունները վայր դնելու մասին», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Կանոնադրության համաձայն՝ կազմակերպության նոր ղեկավար կդառնա ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը:
Ինտերպոլի նոր ղեկավարի ընտրությունները կանցկացվեն կազմակերպության գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Չինաստանի իշխանությունները Հունվեյին կասկածում են երկրի օրենսդրությունը խախտելու մեջ:
Վերջինս հայրենիք արձակուրդի մեկնելուց հետո մի քանի օր կապի դուրս չէր եկել, և Ինտերպոլը պահանջել էր Չինաստանի իշխանություններից տեղեկություն հաղորդել վերջինիս գտնվելու վայրի մասին:



