Երևանում գովազդային վահանակ տեղադրելիս 40-ամյա տղամարդը ընկել է ու մահացել. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ներկաներն ասել են, որ մահացածը Երևանի բնակիչ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։



