Պետք է պատժվի նա, ով փորձում է միտումնավոր ազդել ընտրողների կամքի վրա. Վարուժան Հոկտանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԸնտրակաշառքը քրեականացնելու մասին օրինագիծը ընտրական գործընթացի խստացման շրջանակներում արված քայլերից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Պարբերաբար այդ հարցին անդրադարձ եղել է: Ամենակարևորը քաղաքական կամքի առկայությունն է, որ իշխանությունները ցանկանան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- նշեց Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի խստացումը շատ կարևոր է և պետք է լինի թիրախայնություն: «Պետք է պատժվի նա, ով փորձում է միտումնավոր ազդել ընտրողների կամքի վրա: Ես չեմ կարծում, որ մեղմ պետք է լինել կաշառք վերցնողների նկատմամբ: Պետք է գործի վրա բռնեցնել ու տվողին էլ, վերցնողին էլ պատժել: Կաշառքի դեպքում մեղավոր են երկու կողմերն էլ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:



