Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում․ ԵԽԽՎ զեկույց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում հունիսի 24-ին անցկացված նախագահական ընտրությունների մասին զեկույցը, ըստ որի ընտրությունն անցել է անհավասար պայմաններում, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
Նշվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուները հավասար պայմաններում չեն կարողացել իրականացնել նախընտրական քարոզարշավը, իսկ քաղաքացիները զրկված են եղել օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Ուշադրություն է դարձվել նաև այն փաստին, որ լրատվամիջոցների մեծ մասը լուսաբանել է գործող նախագահին ու նրա գլխավորած կուսակցությունը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի հրավերով ԵԽԽՎ հանձնաժողովից 28 դիտորդ է գտնվել Անկարայի, Իզմիրի, Էրզրումի և Դիարբեքիրի մի շարք ընտրական տեղամասերում: ԵԽԽՎ դիտորդների այցելած 124 տեղամասերից 17-ում քվեների հաշվման ընթացքում խնդիր է նկատվել:
Հայտնի է, որ վերոնշյալ զեկույցը հոկտեմբերի 8-ին կքննարկվի Ստրասբուրգում ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստերում, որին կմասնակցեն նաև թուրք պատգամավորներ։



