Գեղարքունիքի բոլոր ընտրատեղամասերում արդեն փակցված են ընտրողների նախնական ցուցակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքների 155 ընտրատեղամասերի տեսանելի վայրերում արդեն փակցված են դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընտրողների նախնական ցուցակները, որոնք, համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի, ճշգրտվել են լիազոր մարմնի կողմից եւ տրամադրվել ընտրական տեղամասերի կենտրոնների պատասխանատուներին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ընտրացուցակները լիազոր մարմնի կողմից կատարված ուղղումների նախնական տարբերակով տրամադրվել են ընտրական կենտրոնի պատասխանատուներին, որոնք հանրաքվեի կայանալու օրվանից 40 օր առաջ արդեն փակցվել են հանրությանը տեսանելի վայրերում:
«Այդ օրերի ընթացքում ընտրողները կարող են ծանոթանալ ցուցակներում նշված իրենց համարներին: Հնարավոր է, որ ընտրողների անունները սխալմամբ դուրս մնացած լինեն: Ընտրացուցակների վերջնական ճշգրտումը կամ փոփոխումը, համաձայն գործող օրենքի, տեղի կունենա հանրաքվեից չորս օր առաջ»,-նշեց թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանը:
Նոյեմբերի 6-11-ին ԿԸՀ կներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների հայտերը:



